fbpx
/// Հայաստանի նոր հնարավորությունը

Հայաստանի նոր հնարավորությունը

Հայաստանի շուրջ շարունակում են ընթանալ բավականին հետաքրքրական զարգացումներ, որոնք այս կամ այն կերպ առնչվում են մեր երկրի անվտանգությանը: Անդրկովկասում ստեղծված իրավիճկն ամենևին էլ պարզերից չէ, ու ակնհայտ է  այն, որ եթե միջազգային հանրությունն ականջի հետև գցի արցախյան հիմնահարցն ու այն թողնի բացառապես հակամարտող կողմերի հայեցողությանն, ապա  աչքներս էլ չենք հասցնի թարթել, ու Ալիևը կսանձազերծի նոր պատերազմ այստեղ: Ստացվել է այնպես,սակայն, որ համենայնդեպս այս փուլում Անրկովկասում հաստատված թեկուզ փխրուն խաղաղությամբ միայն մենք չէ, որ շահագրգռված ենք, ինչը ներշնչում է կոնկրետ հույսեր առ այն, որ միջազգային հանրությանն, այնուամենայնիվ, կհաջողվի համատեղ ջանքերի շնորհիվ զսպել ազերիներին:

Եկրօրյա այցով Ռուսաստանում է գտնվում Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Նա ասյտեղ է այցելել`Մոսկվայի հետ քննարկելու երկկողմ կապերին առնչվող հարցեր, ինչպես նաև քննարկման թեմա է հանդիսանալու ԵՏՄ-ի հետ Ազատ առևտրի համաձայնագիրը: Ի դեպ` ավելորդ չէր լինի ընդգծելը, որ այս հարցն ակտիվ շրջանառության մեջ մտավ 2017-ի սկզբներին՝ ՌԴ և ՀՀ վարչապետների հանդիպման ժամանակ, որի ընթացքում շեշտադրվել էր Մեղրիի ազատ տնտեսական գոտու ծրագիրը: Այնուհետև ԻԻՀ-ի հետ ժամանակավոր ազատ առևտրային ռեժիմի սահմանման հարցով որոշում էր կայացվել նաև ԵՏՄ վարչապետների վերջին հանդիպման ժամանակ, որի շրջանակներում ՌԴ և ՀՀ վարչապետները կրկին անդրադարձել էին Մեղրիի միջանցքին: Այժմ, փաստորեն, սույն նախագծին ընթացք է տրվում  արդեն մեկ այլ մակարդակով` ռուս-իրանական բանակցություններով: Հասկանալի է` խոսքն, այսպես ասած, Հյուսիս-Հարավ մեծ տնտեսական ծրագրի մասին է, որը, ըստ ամենայնի, ոչ հեռու ապագայում կզուգորդվի նաև «Մետաքսի ուղու» հետ:

Եվ այսպես, ի՞նչ կարող է այս ամենը նշանակել: Այս ամենը նշանակում է մեկ բան. մի կողմից` Ռուսասւտանն ու Իրանը մերձենում են միմյանց հնարավոր բոլոր ուղիներով ու ուղղություններով, մյուս կողմից`այդ մերձեցմանը զուգահեռ նվազում են Ալիևի շանսերը`ապագայում սանձազերծելու պատերազմ արցախյան ճակատում:

Այն, որ պատերազմում ամենաքիչ շահագրգռվածություն ունեն Իրանն ու Ռուսաստանը, ոչ ոք առանձնապես չի կասկածում. այս մասին մեկ անգամ չէ, որ այս երկրները հայտարարել են: Ակնհայտ է նաև, որ եթե Հայաստանը սկսեց խաղալ այն կապող օղակի դերը ռուս-իրանական հարաբերություններում, որի մասին բազմիցս Երևանը խոսել է ու հայտնել շահագրգռվածություն, ապա այդպիսով կմեծանա մեր դերը ողջ Անդրկովկասի տարածաշրջանում`կապելով մեզ տարածաշրջանն իրենց հովանու տակ վերցրած պետությունների հետ`ՌԴ-ի ու Իրանի: Եթե մեզ հաջողվի, իրոք, կապող օղակ դառնալ այդ հարաբերություններում, եթե  մեզ հաջողվի ներգրավվել համապատասխան ծրագրերում, ապա Բաքուն այլևս կանգնելու է անհաղթահարելի պատնեշի առաջ, քանի որ չի կարողանալու «ձեռնոց նետել»  միջազգային կարևոր խաղացողների համար կարևոր գործընկերոջ արժեք ու կարգավիճակ ձեռք բերած երկրին:

Այնպես որ` ռուս-իրանական հարաբերությունների սրտացումը միանշանակորեն բխում է Հայաստանի կենսական շահերից, քանի որ այդ երկու երկրները կարծես ավելի մեծ շահագրգռվածություն են ցուցաբերում Հայաստանի ուղղությամբ, քան` Ադրբեջանի, մինչդեռ որոշ ժամանակ առաջ հենց Ադրբեջանն էր դիտարկվում որպես կապող օղակ Իրանի ու Ռուսաստնի միջև:

Բացի այս ամենը`եթե Հայաստանն ի վիճակի լինի ներգրավվել տնտեսական տարբեր նախագծերում, ապա թուրքական  շրջափակումը ևս մեզ վրա այն ազդեցությունը չի ունենա, որն ունի այսօր, ու փակ սահմանները մեզ համար ընդամենը պայմանականության կվերածվեն:

Թե ռուս-իրանական հարաբերություններում ինչ հետագիծ կթողնի Ռոհանիի այցը Մոսկվա, ցույց կտա ժամանակը, բայց որ այս ամենի արդյունքում Անդրկովկասում նոր պատերազմի բռնկման վտանգն անհամեմատորեն թուլանալու է, անկասկած է:

 

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2017-03-28T21:47:00+00:00 Մարտի 28 21:46|Վերլուծություն|Մեկնաբանությունները կասեցված են Հայաստանի նոր հնարավորությունը-ում
//
//