«Կիսասիրուհի գրպանայինը». չնայած Փաշինյան-Մարուքյան հակակրանքին՝ ամեն ինչ իր գինն ունի

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, չնայած ամռանն ու կիսաարձակուրդային վիճակներին, զարմացնում է հանրությանն իր ընդգծված, բայց արհեստական ակտիվությամբ: Օրը մեջ նա մի նախաձեռնությամբ է հանդես գալիս՝ ԱԺ հանձնաժողով ստեղծելու մասին, նամակով է դիմում ԱՄՆ կոնգրեսականներին, արձանագրում է, որ առողջապահության նախարարը իր տեղում չէ... այս ամենը մի նպատակ է հետապնդում՝ շեղել հանրությանն այն հանգամանքի վրա կենտրոնանալուց, որ ԼՀԿ-ն կեղծ ընդդիմություն է, կամ՝ բոլոր ժամանակների իշխանությունների սիրելի ընդդիմությունն է, քանզի դրա հետ շատ հեշտ է լեզու գտնել ու գին պայմանավորվել: Թերևս այն, որ ԼՀԿ-ն այս իշխանության համար կոնկրետ գին ունեցող ուժ է այլևս գաղտնիք չէ, այլապես նա խայտառակ ու անտրամաբանական կերպով չէր տապալի ՍԴ դիմելու ԲՀԿ-ի նախաձեռնությունը: Վերջիններիս արձագանքը չուշացավ. «наш ответ Чемберлену»-ն հայտնվեց գրեթե հաջորդ օրն իսկ այն բացահայտմամբ, որ 2018 թվականից սկսած Մարուքյանը պաարբերական քննարկումների մեջ է իշխող ուժի օրենսդիր մարմնի ղեկավարության հետ, այդ հանդիպումները տեղի են ունենում Երևանի կենտրոնում գտնվող նորակառույց շենքերից մեկի բնակարանում, մշտապես ստորգետնյա ավտոկայանատեղիում կանգնելու և առանձին վերելակով բարձրանալու հնարավորությամբ։ Եթե նկատեցիք՝ Մարուքյանը այս լուրը հիմնավոր հերքելու փոխարեն սկսել է, այսպես ասած, «թիթեռ» նկարել:
Հայաստանյան քաղաքական դաշտում Մարուքյանը վստահություն ու առավել ևս հարգանք չի վայելում հենց այն պատճառով, որ միշտ եղել է իշխանությունների «սիրելին»: Նա, այսպես ասած, կիսասիրուհու կարգավիճակ ունի. նրան կանչում են, երբ ցանկանում են, ոչ թանկարժեք նվերներով կամ սիմվոլիկ քայլերով կարևորության իմիտացիա ստեղծում, բայց երբեք նրա համար կնոջն ու երեխաներին չեն լքում ու, առավել ևս, նրա հետ երեխա չեն ունենում: Եվ հենց այդ իմիտացիան է, որ կիսասիրուհիների մոտ ավելորդ պատրաքն է ստեղծում… թեպետ ամեն ինչ հնարավոր է, որ ավելի պրիմիտիվ է՝ նրանք քչով էլ պատրաստ են «յոլլա» գնալ:
Ուշագրավն այն է, որ Էդմոն Մարուքյանը երբեմն-երբեմն իր կարգավիճակի մասին ճշմարտությունը բացահայտում է: Օրինակ, ժամանակին նա հայտարարեց, որ «ՀՀԿ-ն միշտ սովոր է եղել ունենալ գրպանային ընդդիմություն»: Իհարկե, շարունակությունը, որ առնվազն 2012 թվականից այս կողմ գրպանայինի դերում մշտապես հանդես է եկել հենց ինքը, չհնչեցրեց, բայց կյանքը ցույց տվեց, որ ՀՀԿ-ի համար էլ նա մնաց կիսասիրուհու դերում, այլապես Վանաձորի համար կռիվ տվող նրա եղբոր բյուրեղյա երազանքը կկատարեին: Բայց այն ժամանակվա իշխանությունը հասկացել էր, որ Մարուքյանի ծառայություններն այդքան չարժեն, որ երկրի երրորդ քաղաքը դրա դիմաց տրվի Քրիստ Մարուքյանին, իսկ Էդմոնը իր ծառայությունների դիմաց այլ տեղերից լավ էլ վարձատրվում է: Եվ Նիկոլ Փաշինյանն էլ, փաստացի, տուրք չտվեց նրա ու եղբոր երազանքների իրականացմանը ու Վանաձորը մինչ օրս ղեկավարում է ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը:

Այն, որ Նիկոլի ու Էդմոնի ջրերը մեկ առվով երբեք չեն հոսել, բոլորին է հայտնի՝  անկախ այն հանգամանքից, թե համացանցում որքան կիսագրկախառնված լուսանկարներ կգտնեք կամ հարցազրույցներ թիթեռնիկի կյանք ունեցող «Ելք» դաշինքի ժամանակահատվածից: Փաշինյանն ու Մարուքյանը իրար երբեք չեն սիրել, ավելին՝ հակակրանքն այնքան ցայտուն է, որ Արևմուտքը ինչ-որ մի պահի այս երկու գործիչների հետ հավասարապես էր աշխատում Հայաստանում, որպեսզի զերծ մնա, այսպես կոչված, ընդդիմության ներսում ընդդիմության ձևավորումից ու ավելորդ լարվածությունից: Հարաբերությունները նրանց միջև սրվել են փուլ առ փուլ՝ սրվել են, հետո հանդարտվել, որովհետև այդպես էր պետք, հետո նորից բարձր լարումը նրանց միջև իրենն ասել է: Իհարկե, որպես հռետոր, իր հետևից մարդ տանող տեսակ Նիկոլն ավելի ուժեղ է, իսկ Մարուքյանը այդպես էլ չկարողացավ, բացի «լուսավորներից», իր հետևից մեկին տանել: Եվ այսօր էլ այդ խնդիրը կա. հենց այդ պատճառով է, որ Մարուքյանը գրեթե երբեք չի սպառնացել հանրահավաքներով, բողոքի ակցիաներով, որովհետև գիտի՝ կնոջ հետ միասին 20 հոգի մարդ հազիվ կհավաքի:

Ու քանի որ արդեն հիշատակել ենք Մարուքյանի ամենացավոտ թեման՝ Վանաձորին չտիրանալը, հիշենք Փաշինյան-Մարուքյան ընդհարումներից ամենաթեժերից մեկը, որը հենց երրորդ քաղաքում էր: 2016 թվականի ՏԻՄ ընտրությունների ժամանակ Մարուքյանը բողոքել էր, թե «Երևանից մարդիկ են եկել, Վանաձորում քաղաքական քարոզարշավ են տանում, ի՞նչ գործ ունեն Վանաձորում» և այլն, և առաջարկել ընդդիմադիրներին ինքնաբացարկ հայտնել, որպեսզի «իրական ընդդիմությունը հաղթի Վանաձորում»: Քարոզարշավ անողներից մեկն էլ հենց Փաշինյանն էր ՔՊ-ի հետ միասին: Ի պատասխան այդ հայտարարության Նիկոլը հայտարարել էր, որ «Վանաձորում ուզում են Մարուքյանների կլան ստեղծել», նաև նշել, որ ցավում է, որ Մարուքյանն «իրենց քուչի մակարդակում է մնացել է»: Բայց սա, ինչպես հասկանում ենք, քաղաքական բանավեճ չէ, իսկ ահա քաղաքական գնահատականը հետո հնչեց, երբ Նիկոլը բացահայտ մեղադրեց Մարուքյանին «ծախված» լինելու համար.

«Պարոն Մարուքյանն ակնհայտ սուտ է ասում: Ինքն ասել էր՝ մենք սաստիկ ընդդիմություն ենք և մյուս ընդդիմադիր կուսակցություններին կոչ եմ անում հանել թեկնածությունները, որ Վանաձորում ընդդիմությունը հաղթի: Մենք միակ կուսակցությունն էինք, որ արձագանքեցինք, ասացինք, այո՛, ուզում ենք, որ Վանաձորում ընդդիմությունը հաղթի: Բայց մենք կասկածում ենք, որ դուք ընդդիմություն եք: Ինչո՞ւ ենք կասկածում, որովհետև պատգամավոր Էդմոն Մարուքյանը 4 տարվա պատգամավորության ընթացքում 6 անգամ վստահության քվե է տվել ՀՀԿ-ին: Եվ եթե պնդում եք, որ ընդդիմադիր եք, 3 բան ենք ուզում ձեզնից՝ հայտարարել, որ Սերժ Սարգսյանն անձնական պատասխանատվություն է կրում Մարտի 1-ի արյան համար, հայտարարել, որ Սերժ Սարգսյանը ոչ լեգիտիմ նախագահ է, և երրորդ՝ ԱԺ ներկայացնել Սերժ Սարգսյանի պաշտոնանկության մասին նախագիծ»,- հայտարարել էր Փաշինյանը: Ինչպես ցույց տվեց ժամանակը, Էդմոն Մարուքյանը պայմաններից որևէ մեկը այդպես էլ չկատարեց, քանզի իրական ընդդիմություն չի եղել ու չի լինի երբեք:

Եվ երբ 2018-ին նա Փաշինյանի հետևից փողոց դուրս չեկավ, Մարուքյանի իրավիճակը չափազանց բարդացավ. մի կողմից, ՀՀԿ-ի օրոք նրա հաց-կարագը ապահովված էր և Մարուքյանը կարող էր չանհանգստանալ իր ապրուստի մասին: Հատկապես, երբ Արևմուտքն էլ իր ծառայությունների դիմաց, համոզված ենք, վճարում էր: Բայց երբ Փաշինյանի հասավ Բաղրամյան ու վիրավորում ստացավ, Մարուքյանը ստիպված էր դուրս գալ փողոց, այլապես պատմական իրադարձություններից հետո (իսկ դրանք արդեն պատմական էին) ընդդիմադիրի նիշան կարող էր ձեռքից գնալ «դավաճանի» ու  «գրպանայինի» պիտակավորումով: Բայց միևնույն է, հեղափոխությունից երկու տարի անց ավելի քան հստակ է, որ Մարուքյանին որպես ընդդիմություն շատ քչերն են ընկալում: Մարդկանց ընկալումներում նա այդպես էլ կմնա «գրպանային», որ օրվա կուրսի հետ փոխում է իր քաղաքական շահերը՝ օրինակ, ԵԱՏՄ-ից դուրս գալու պահանջ ներկայացնողից դառնում համարյա պռոռուսական գործիչ, քանզի այդ պատվերն է ստացել: Իսկ այն, որ հա կրկնում է՝ մենք ընդդիմություն ենք, ոչ մի եղանակ չի փոխում. ինչքան ուզում ես ասա հալվա՝ բերանդ դրանից մեկա չի քաղցրանա:

 

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.