Հունգարիայում կայսրերի և անտիկ աստվածների պատկերներով մոտ 2000 տարվա հնության 737 հռոմեական մետաղադրամ են հայտնաբերել
Հին Հռոմ03:36 | նոյեմբերի 4, 2026Հունգարիայում կայսրերի և անտիկ աստվածների պատկերներով մոտ 2000 տարվա հնության 737 հռոմեական մետաղադրամ են հայտնաբերել
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
]—>
Հունգարիայում հնագետները Շոմոդ մարզի հյուսիսային և կենտրոնական հատվածների երեք տեղամասերում 737 հռոմեական մետաղադրամ են հայտնաբերել։ Գտածոները վերաբերում են Հռոմեական կայսրության տարբեր ժամանակաշրջաններին և ներառում են հազվագյուտ արծաթե նմուշներ, ինչպես նաև կայսրերի ու անտիկ աստվածությունների պատկերներով մետաղադրամներ։ Հայտնագործության մասին հայտնել է Կապոշվար քաղաքի Ռիպլ-Ռոնայի թանգարանը, գրում է Hungary Today-ը։
Մետաղադրամների մեծ մասը թվագրվում է Կոստանդինյան հարստության կառավարման ժամանակաշրջանով։ Սակայն գտածոների թվում կան նաև Անտոնինոս Պիոս, Ալեքսանդր Սևերոս և Ավրելիանոս կայսրերի ժամանակների արծաթե դրամներ։
Ավրելիանոսի մետաղադրամներից մեկի դարձերեսին պատկերված է կայսրը՝ համաձայնությունն ու հասարակական միասնությունը մարմնավորող Կոնկորդիա աստվածուհու ձեռքը սեղմելիս։
Հավաքածուում հայտնաբերվել են նաև Պրոբոս կայսեր մետաղադրամներ՝ Անհաղթ Արևի աստծո (Sol Invictus) և կայսերական խաղաղության անձնավորման (Pax Augusti) պատկերներով։ Հատուկ հետաքրքրություն է ներկայացնում այսպես կոչված աստվածացման մետաղադրամը, որը ենթադրաբար կապված է Կլավդիոս II կայսեր հետ։ Նման մետաղադրամներ հատում էին տիրակալի մահից հետո՝ ի նշան նրա աստվածացման։
Բացի մետաղադրամներից, հնագետները հայտնաբերել են խեցեղենի հարյուրավոր բեկորներ, դրանց թվում՝ terra sigillata տեսակի՝ հռոմեական դարաշրջանին բնորոշ հարթ, փայլուն կարմիր մակերեսով խեցեղենի նմուշներ։ Մյուս առարկաների թվում են հագուստն ամրացնելու համար ծառայող ֆիբուլաները և կշեռքի բեկորը։
Սա վերջին շրջանում տարածաշրջանում հռոմեական մետաղադրամների առաջին նշանակալի գտածոն չէ։ Սեպտեմբերին թանգարանը հայտնել էր Դրավա գետի մոտ Վեսպասիանոս կայսեր արծաթե մետաղադրամի, գերազանց վիճակում պահպանված Անտոնինոս Պիոսի դենարի և նրա կնոջ՝ Ֆաուստինայի պատկերով բրոնզե մետաղադրամի հայտնաբերման մասին։
Հասանելի է
Թեմա
Օբյեկտ
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
