/// Բարի ախորժակ…

Բարի ախորժակ…

Հայաստանում տասնամյակներ շարունակ մի չափազանց ցավոտ միտում է նկատվում. ազգային թերարժեքության բարդույթն այդպես էլ չենք կարողանում հաղթահարել: Իսկ թերարժեքությունն այդ դրսևորվում է հատկապես  արևմտամոլության տեսքով, երբ որպես չափորոշիչ ու հիմնական չափանիշ ընդունվում է այն կենսակերպն ու արժեհամակարգը, որոնք բնորոշ են իր մայրամուտն ապրող հին աշխարհին: Այլ կերպ ասած` այստեղ` Հայաստանում, անքննարկելի ճշմարտության է վերածվում այն ամենն, ինչ այնտեղ` Արևմուտքում, ընդունելի է դառնում:

Չգիտես` արևմտամոլությունի՞ց է, թե՞ ֆանտազիայի քրոնիկ պակասից, բայց Արմեն Ամիրյանը օրեր առաջ մի միտք է արտահայտել, մտադրություն, որն ահա մի քանի օր է, ինչ վերածվել է հանրային ու մասնագիտական շրջանակների քննարկման թոփ թեմայի. ամիրյանն առաջարկել էր Օպերայի շենքը, որն, ինչպես հայտնի է, Հյասատանի կարևորագույն խորհրդանիշներից մեկն է, դարձնել հանգստի յուրօրինակ գոտի. առաջարկել էր շենքում մի քանի ռեստորաններ բացել, նույնիսկ մարզասրահ ու շոգեբաղնիք, ուր մուտքը կլիներ միանգամայն ազատ:

Այն, որ հայաստանյան մշակույթը վերջին տասնամյակներում իր լավագույն տարիները չէ, որ ապրում է, գաղտնիք կամ նորություն չէ և ոչ մեկի համար. վերջին շրջանում  մշակույթը, եթե անկեղծ խոստովանենք, անկման շրջափուլում է հայտնվել, ինչի պատճառն, անկասկած, ոչ թե տաղանդավոր մարդկանց պակասն է մեզանում, այլ ֆինանսական սղությունը. Հայաստանում մշակույթը վաղուց դադարել է եկամտաբեր լինելուց:

Ենթադրելի է, որ Ամիրյանի ոչ պոպուլյար գաղափարը, որը բառացիորեն ցնցել է հատկապես մշակութային շրջանակները ներկայացնող  անձանց, նպատակ է հետապնդում շտկելու այդ սխալն ու մշակույթը եկամտաբեր դարձնելու: Կարճ ասած` Ամիրյանի հնչեցրած միտքը ոչ թե դավադրություն է ընդդեմ հայ մշակույթի, այլ` բարի նպատակներից բխած  գաղափար, որը, սակայն, մատուցվեց ոչ այնպես, ինչպես հարկն է: Իրոք, եթե խոսքը «քյաբաբնոց» դնելու մասին է ասենք Օպերայի կտուրում, ապա սրանից ավելի վատ գաղափար կարող է միայն լինել ասենք նուն Օպերայի շենքում հասարակական զուգարան բացելը, իսկ եթե նպատակը եվրոպական շատ երկրներում գոյություն ունեցող պրակտիկան Հայաստան բերելն է, ապա սա արդեն խոսակցության միանգամայն այլ թեմա կարող է լինել: Ճիշտ է` սխալ է կարծելը, թե  Եվրոպան անսխալական է,  բայց գոնե այս պարագայում ինչ-որ արդարացում կարող է գտնվել:

Ակնհայտ է, սակայն, որ Ամիրյանը շտապողականություն է դրսևորում ու նման կարևորագույն հարցում չի փորձում գոնե  հասարակական քննարկումներ անցկացնել, խորհրդակցել մշակուային գործիչների հետ կամ հաշվի առնել այն տրամադրությունները, որոնք կան, իշխում են հասարակությունում: Ինչո՞ւ, որովհետև, ենթադրելի է, Ամիրյանի ամբիցիաները նաև անձնական են. չի բացառվում, որ փող աշխատլու ձգտումն Ամիրյանը փորձում է ռեալիզացնել նմանօրինակ «օրիգինալ» մտքեր դաշտ նետելով: Սա, իհարկե, ընդամենը ենթադրություն է, որը, սակայն, բխում է մերօրյա իրականությունից:

Թե ինչ ընթացք կունենա Օպերայի շենքի ճակատագիրը, ցույց կտա ժամանակը, բայց որ ամեն բան չի կարելի բխեցնել փողից ու հենգեցնել փողին, անվիճելի է. հարգենք մեր մշակութային ժառանգությունն ու այն էժանագին մոթելի չվերածենք:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2017-04-07T23:28:21+00:00 Ապրիլի 7 23:28|Վերլուծություն|Մեկնաբանությունները կասեցված են Բարի ախորժակ…-ում
//
//