«Եթե չհանես, ջարդելու եմ». Գեղարքունիքի մարզպետը սպառնացել է քաղաքացուն ու հասցրել ոստիկանություն
ArmLur.am ահազանգած Աշոտ Խաչատրյանը պատմում է, որ շուրջ երեք տարի իր ավտոմեքենան կայանել է շենքի բակում։ Քանի որ աշխատում է որպես «Յանդեքս»-ի վարորդ և էլեկտրամոբիլ է շահագործում, առաջին հարկի պատին տեղադրել է նաև մեքենայի լիցքավորման սարք՝ հիմնականում գիշերային ժամերին մեքենան լիցքավորելու համար։ Խաչատրյանի խոսքով՝ որոշ ժամանակ անց առաջին հարկի բնակչի ամուսինը պահանջել է ոչ միայն մեքենան այլևս չկայանել այդ հատվածում, այլև պատից հեռացնել լիցքավորման սարքը։ Քաղաքացին պնդում է՝ պահանջը կատարել է և լիցքավորման սարքը տեղափոխել ավելի հեռու հատված։ Սակայն դրանով վեճը չի ավարտվել. ըստ նրա՝ հարևանն արդեն պահանջել է ամբողջությամբ հեռացնել լիցքավորման սարքը և մեքենան ընդհանրապես չկայանել այդ տարածքում։ Մինչդեռ իր բնակարանը երկրորդ հարկում է: Հարցն այստեղ արդեն դուրս է գալիս սովորական հարևանական վեճի շրջանակից. եթե խոսքը շենքի ընդհանուր օգտագործման տարածքի մասին է, ապա ի՞նչ իրավական հիմքով կարող է որևէ բնակիչ այն դիտարկել որպես իր բացառիկ օգտագործման տարածք և արգելել մյուս բնակչին այնտեղ մեքենա կայանել։

