Ղարաբաղի ժողովուրդը չիմանա՞ ի վերջո իրենց երեխաները որտեղ են ապրելու, կա՞ հասցե, թե չկա, և ես ասում եմ՝ այո, կա հասցեն և այդ հասցեն ՀՀ-ն է. Նիկոլ Փաշինյան
Դուք գիտեք՝ ինչ եք ասում. ասում եք եկեք Ղարաբաղի ժողովրդին, հայ ժողովրդի մնացած մասերի նման, դատապարտենք հավիտյան պանդուխտի կարգավիճակի: Այդ մարդիկ չիմանա՞ն ի վերջո որտեղ են իրենք, իրենց երեխաները որտեղ են ապրելու, կա՞ հասցե, թե չկա: Եվ ես ասում եմ՝ այո, կա հասցեն և այդ հասցեն ՀՀ-ն է իր միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքով: Այս մասին իր ճեպազրույցի ընթացքում ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Դուք ասում եք, որ Ղարաբաղի ժողովրդին դատապարտենք հավիտյան պանդուխտի կարգավիճակին: Իմ առաքելությունը համարում եմ հայ ժողովրդին նահատակացման տրամաբանությունից դուրս բերելը, և մենք ասյօր հասել ենք դրան՝ բազմաթիվ զոհերի ու զոհողությունների գնով:
Ես նախկինում ևս առիթ ունեցել եմ ասելու, որ մեր ընթացիկ քաղաքականությունների հիմքում մեր պատմության վերլուծությունն է: Եթե մենք Խրիմյան Հայրիկի նման թղթե շերեփը առած՝ ընկնենք դռնեդուռ, և տերությունների առաջ լաց ու կոծով զբաղվենք, դա կբերի նրան, որ բոլորը մեզ կօգտագործեն սեփական նպատակների համար: Միակ սուբյեկտը, որ մեզ չի օգտագործի՝ կլինենք մենք»:
Հարցին, թե ինչու Հայաստանի իշխանությունը չի դիմում միջազգային քրեական դատարան, և ինչու՞ են արվում քայլեր, որոնք ձեռնտու են ոչ թե մեզ՝ այլ Ադրբեջանին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ դա Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի մանրադրամացման ճանապարհն է միջազգային քաղաքականության և դիվանագիտական խաղերի մեջ:
«Մենք հրաժարվում ենք այն ճանապարհից, որը հայ ժողովրդին դատապարտում է նահատակի և գոհատևողի ճակատագրին: Դա ճանապարհ է սրա, նրա ձեռքին խաղաքարտ դառնալու»:
Եզրափակելով իր խոսքը՝ Փաշինյանը նշեց, որ միջազգայնորեն արձանագրված իրավունքները, որը տոնում ենք համազգային կերպով, իրականության մեջ ոչինչ չի բերել:
«Այսօր մենք անկախ ենք, քան երբևէ, պետություն ենք, քան երբևէ: Ղարաբաղի սիրելի քույրեր և եղբայրներ, դուք պետք է տնավորվեք ՀՀ-ում, ստանաք ՀՀ քաղաքացիություն: Մենք պետք է հրաժարվենք հացի հետևից պանդխտելու տրամաբանությունից: ՀՀ-ն ոչ թե նահատակվելու գործիք է, այլ հաց ստեղծելու»:
