ԱՄՆ-ը անսովոր է համարում ԿԺԴՀ առաջնորդի բացակայությունը հանրության շրջանում․ Պոմպեո

ԱՄՆ իշխանությունները անսովոր են համարում ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի երկշաբաթյա բացակայությունը հանրային միջոցառումներին։ Այս մասին IHeart-ի եթերում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Խոսելով Կիմ Չեն Ընի մասին՝ ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ը տեղեկություններ չի ստացել «հանրության շրջանում ավելի քան երկու շաբաթ նրա չերեւալու մասին»։ «Դա չլսված չէ, սակայն դա անսովոր է,- հավելել է պետքարտուղարը,- Մենք շարունակում ենք ուշադիր հետեւել դրան։ Մենք աշխատում ենք, որպեսզի ցանկացած իրավիճակում պատրաստ լինենք»,- ասել է Պոմպեոն։

«Ինչպես պարզ հասկացրել է նախագահ Թրամփը, ինչ էլ տեղի ունենա, մենք մի նպատակ ունենք, այն Սինգապուրում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման մեջ է,- ասել է Պոմպեոն,- Դա իր մեջ ներառում է այն, որ երկիրը չունենա միջուկային զենք, իսկ հյուսիսկորեացիների համար ապագան լուսավոր լինի»։

ԿԺԴՀ առաջնորդը հանրության առջեւ չի հայտնվել ապրիլի 11-ից, երբ անցկացրեց Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտկոմի քաղբյուրոյի նիստը ներքաղաքական հարցերի վերաբերյալ: Մասնավորապես, Կիմ Չեն Ընն ապրիլի 12-ին չի մասնակցել Գերագույն ազգային ժողովի ամենամյա նստաշրջանին եւ իր ղեկավարման օրվանից առաջին անգամ չի մասնակցել ապրիլի 15-ին Կիմ Իր Սենի 108-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը Կիմսուսանի Արեւի պալատում:

Այս հանգամանքը հիմք է հանդիսացել Կիմ Չեն Ընի հնարավոր հիվանդության մասին լուրերի համար, որոնք այժմ ոչ մի կերպ չեն մեկնաբանվում պաշտոնական անձանց կամ լրատվամիջոցների կողմից եւ չեն հաստատվում Փհենյանի աղբյուրներում: Ավելի ուշ CNN հեռուստաալիքը, վկայակոչելով ամերիկյան վարչակազմի աղբյուրը, հաստատումով էր հանդես եկել այն մասին, որ Վաշինգտոնում ուսումնասիրում են հետախուզական տվյալները ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի առողջության վատթարացման վերաբերյալ, իբր, տարած վիրահատությունից հետո: Թրամփն ավելի ուշ ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ, ըստ իր տվյալների, լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Հարավկորեական իշխանությունները եւս հայտարարել են Կիմ Չեն Ընի հիվանդության մասին որեւէ տեղեկատվության բացակայության մասին, իսկ Չինաստանի արտգործնախարարությունում կասկած են հայտնել CNN-ում տեղ գտած տեղեկատվության աղբյուրի կապակցությամբ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.