Բլինկենը հանդիպել է Սի Ծինփինի հետ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հանդիպել է Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ, հայտնում է BBC-ն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բլինկենը Պեկինում հանդիպել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ: Վերջինս ասել է, որ ԱՄՆ-ն չպետք է հատի կարմիր գծերը՝ կապված Չինաստանի ինքնիշխանության և անվտանգության հետ։

 

Նրա խոսքով՝ Չինաստանի իշխանությունները միշտ հավատարիմ են մնացել «փոխադարձ հարգանքի, խաղաղ գոյակցության և փոխշահավետ համագործակցության սկզբունքներին»։ Վան Ին վստահեցրել է, որ Պեկինը ցանկանում է նպաստել երկու երկրի հարաբերությունների «կայուն, առողջ զարգացմանը»։

 

«Միացյալ Նահանգները չպետք է միջամտի Չինաստանի ներքին գործերին, ճնշի Չինաստանի զարգացումը և անցնի կարմիր գծերը, երբ խոսքը վերաբերում է Չինաստանի ինքնիշխանության, անվտանգության և զարգացման շահերին», - ասել է չինացի նախարարը:

 

Բլինկենը աշխատանքային այցով Չինաստան է ժամանել ապրիլի 24-ին, այցը կավարտվի այսօր՝ ապրիլի 26-ին։ Սա նրա երկրորդ այցն է Չինաստան՝ պետքարտուղարի պաշտոնավարման ընթացքում։ Բլինկենի ուղևորությանը նախորդել են մի շարք շփումներ ամերիկացի և չինացի պաշտոնյաների միջև, այդ թվում՝ ապրիլի սկզբին երկու երկրի ղեկավարների հեռախոսազրույցը։ Բլինկենի Չինաստան այցի նպատակներից մեկն այն է, որ Չինաստանը դադարեցնի նյութական և տեխնիկական օգնությունը Մոսկվային։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.