Միջուկային զորավարժությունների անցկացումը հրահրել են Մակրոնի, Քեմերոնի և ԱՄՆ-ի հայտարարությունները. Կրեմլը պարզաբանել է

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ոչ ռազմավարական միջուկային ուժերի զորավարժությունները, որոնց մասին այսօր հայտարարել է ՌԴ ՊՆ-ն, կապված են ուկրաինական հակամարտության «լարման աննախադեպ փուլի» հետ։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:

Նա նշել է, որ զորավարժությունները հրահրել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Քեմերոնի վերջին հայտարարությունները։

«ՊՆ-ն ամեն ինչ սպառիչ ասել է: Եթե հարցնում եք, թե ինչ հայտարարությունների մասին է խոսքը, ապա դրանք Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարի, Մակրոնի ու ամերիկացիների խոսքերն են ՆԱՏՕ-ի զինվորներին մարտադաշտ դուրս բերելու մտադրությունների վերաբերյալ: Սա լարվածության աննախադեպ փուլ է, որը պահանջում է հատուկ ուշադրություն և հատուկ միջոցներ»,- մամուլի ասուլիսի ժամանակ պարզաբանել է Դմիտրի Պեսկովը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 2-ին հայտարարել է, որ Կիևի խնդրանքի պարագայում թույլ կտա ֆրանսիական զորքեր ուղարկել Ուկրաինա։

Այսօր՝ մայիսի 6-ին, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Հակիմ Ջեֆրիսը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտությանը կարող է միջամտություն պահանջվել, և չի բացառվում ամերիկյան զորքերի ուղարկումն Ուկրաինա։ 

Իր հերթին, Դևիդ Քեմերոնը հայտարարել էր, որ Լոնդոնի մատակարարած զենքով ուկրաինական զինված ուժերի կողմից Ռուսաստանի տարածքին հարվածներն օրինական են։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.