Վարչապետը թող իր դերի մեջ մնա, ՀՀ-ում ամեն մեկն իր գործով պետք է զբաղվի. Փարավոն Միրզոյան

Ամեն անգամ, երբ Արարատին եմ նայում, աղոթում եմ ու խաչակնքվում։ Արարատը, որքան էլ օտար տարածքում լինի, միևնույն է՝ Հայաստան է։ Դա մեր հայրենիքն է, այն հնարավոր չէ մեր միջից հանել։ Ով էլ լինի մեր ղեկավարը, կխնդրեի զգույշ արտահայտվել Եղեռնի, Արարատի և պատմական հողերի մասին։ «Անուշադրության կենտրոն» հաղորդաշարի եթերում ասել է ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը։
«Ժողովրդական» և «վաստակավոր» կոչումների մասին խոսելիս նկարիչը նշել է․ «Եթե հանում եք այդ կոչումները և դրանց փոխարեն ոչինչ չեք առաջարկում, ուրեմն լռեք, նստեք ձեր տեղը։ Սա գնահատանքի ձև է։ Եթե այս ձևը ձեզ դուր չի գալիս, ապա գտեք մեկ այլ անուն, մեկ այլ տարբերակ»։
Հայաստանի ազգային պատկերասրահի մասին խոսելիս Փարավոն Միրզոյանն ասել է․ «Հայաստանի ազգային պատկերասրահը պետք է լինի թանգարան, ոչ թե պարզապես ցուցասրահ, և դրանով պետք է զբաղվի պետությունը։ Իմ տնօրինության 13 տարիների ընթացքում, այդ դժվար տարիներին, ես փրկեցի Ազգային պատկերասրահը»։
Անդրադառնալով իր ստեղծագործական գործունեությանը՝ նկարիչը նշել է․ «Հիմա շատ եմ նկարում։ Չգիտեմ, թե որքան ժամանակ է տրված ստեղծագործելու համար։ Պետք է ծառայել, որովհետև հակառակ դեպքում Աստված չի ների»։
Աղբյուր՝ 24News.am
