ԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկում են Patriot հրթիռային համակարգերի տեխնոլոգիաների փոխանցումը Կիևին

ԱՄՆ-ի և Ուկրաինայի պաշտոնյաները խորհրդակցություններ են անցկացնում՝ Կիևին Patriot զենիթահրթիռային համակարգերի արտադրության տեխնոլոգիաներ տրամադրելու հարցի շուրջ։ Այս մասին կիրակի օրը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, Օհայո նահանգից հանրապետական Մայք Թերները։
«Կարծում եմ՝ բանակցություններ են ընթանում՝ ընդլայնելու Ուկրաինայի հասանելիությունը Patriot-ի տեխնոլոգիաներին, որպեսզի երկիրը կարողանա կազմակերպել սեփական արտադրությունը և յուրացնել առաջադեմ պաշտպանական մշակումները», — հայտարարել է ամերիկացի օրենսդիրը։
Միաժամանակ Թերները գործընթացը բնութագրել է որպես «շատ-շատ բարդ»՝ ընդգծելով, որ նման որոշումները պահանջում են առավելագույն զգուշություն։
Ավելի վաղ՝ հուլիսի 31-ին, այս թեմային անդրադարձել էր նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա նշել էր, որ Միացյալ Նահանգները պետք է չափազանց զգույշ լինեն ամերիկյան սպառազինության արտադրության լիցենզիաների տրամադրման հարցում։
Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը Կիևին չի տվել համաձայնություն ո՛չ Patriot համակարգերի, ո՛չ էլ Tomahawk թևավոր հրթիռների տեխնոլոգիաների փոխանցման համար՝ փաստացի կասկածի տակ դնելով նման քայլի հնարավորությունը։
Աղբյուր՝ 24News.am
