Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչիի ազատազրկման ժամկետին 17 ամիս են ավելացրել

Դատական համակարգ18:04 | նոյեմբերի 17, 2026Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչիի ազատազրկման ժամկետին 17 ամիս են ավելացրել
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին արդարադատությանը խոչընդոտելու գործով դատապարտվել է 17 ամսվա ազատազրկման, հայտնում է KosovaPress-ը։
Հաագայում Կոսովոյի հարցերով հատուկ դատական պալատների որոշման հրապարակումից հետո Թաչին հայտարարել է, որ դատավճիռը քաղաքական է համարում։
Նախկին նախագահը փորձել է խոսք վերցնել դատական նիստերի դահլիճում, սակայն նրան նման հնարավորություն չի տրվել։ Երբ նա նստում էր իր տեղը, լսվել է, թե ինչպես է ասում. «Սա քաղաքականություն է, ոչ թե արդարադատություն»։
Սա արդեն Թաչիի նկատմամբ Հաագայում Կոսովոյի հարցերով հատուկ դատական պալատների կայացրած երկրորդ դատավճիռն է։
Հաշիմ Թաչին Կոսովոյի ամենահայտնի քաղաքական գործիչներից է, Կոսովոյի ազատագրական բանակի (ԿԱԲ) նախկին առաջնորդը և հանրապետության նախկին նախագահը։ Նա պետության ղեկավարի պաշտոնը լքել է գրեթե վեց տարի առաջ՝ Հաագայում դատարանի առջև կանգնելու համար՝ 1998–1999 թվականներին Սերբիայից անկախանալու համար մղված պատերազմի ընթացքում կատարված ռազմական հանցագործությունների մեղադրանքներով։
Թաչին մեղավոր է ճանաչվել մեղադրանքի չորս կետերով, դրանց թվում՝ սպանությունների, խոշտանգումների, դաժան վերաբերմունքի և ապօրինի ազատազրկման համար։ Նրա հետ նույն գործով անցնում են Կոսովոյի ազատագրական բանակի ևս երեք նախկին ղեկավարներ՝ Քադրի Վեսելին, Ռեջեփ Սելիմին և Յակուպ Կրասնիչին։ Բոլոր չորսն էլ հերքել են իրենց առաջադրված մեղադրանքները։
Ըստ մեղադրանքի՝ Կոսովոյի ազատագրական բանակի մարտիկները հետապնդել են քաղաքական հակառակորդներին և խաղաղ բնակիչներին, որոնց Սերբիայի կողմնակիցներ կամ դավաճաններ են համարել։ Դատավարությունը սկսվել է 2023 թվականի ապրիլին, իսկ գործի ըստ էության քննության լսումներն ավարտվել են 2025 թվականի դեկտեմբերին։ Դատախազները պահանջել են մեղադրյալներին դատապարտել 45 տարվա ազատազրկման։
Դատավճռի հրապարակման նախօրեին հազարավոր մարդիկ դուրս են եկել Պրիշտինայի փողոցներ՝ ի աջակցություն Թաչիի և մյուս ամբաստանյալների՝ պահանջելով արդարացնել նրանց։
Կոսովոյի հարցերով հատուկ դատական պալատները ստեղծվել են միջազգային մասնակցությամբ և գտնվում են Հաագայում։ Դատական պալատները 1998-2000 թվականներին Կոսովոյում կատարված ռազմական հանցագործությունների, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների և այլ հանցագործությունների վերաբերյալ գործեր են քննում։
Հասանելի է
Թեմա
Դատական համակարգՔաղաքականություն
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
