Կանադայում պահանջել են 25 տարվա ազատազրկման դատապարտել ինքնասպանության համար նյութեր վաճառած տղամարդուն

Կանադա15:38 | նոյեմբերի 28, 2026Կանադայում պահանջել են 25 տարվա ազատազրկման դատապարտել ինքնասպանության համար նյութեր վաճառած տղամարդուն
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Կանադայի Օնտարիո նահանգի դատախազությունը պահանջել է 25 տարվա ազատազրկման դատապարտել 61-ամյա Քենեթ Լոուին, քանի որ վերջինս իրեն մեղավոր է ճանաչել ինքնասպանության 14 դեպքերի օժանդակելու մեջ, հաղորդում է Associated Press-ը։
Նա համացանցով վաճառել է նյութեր՝ գիտակցելով, որ գնորդները հավանաբար դրանք օգտագործելու են կյանքին վերջ տալու համար։
Ուրբաթ օրը կայացած դատական նիստում Լոուն ներողություն է խնդրել զոհվածների ընտանիքներից։ Նա հայտարարել է, որ իր արարքները «բացարձակապես սխալ» են եղել, և խոստացել այլևս երբեք նման բան չանել։
Մեղադրող կողմը համոզված է, որ Լոուի գլխավոր շարժառիթը ֆինանսական շահն է եղել։ Դատախազ Քեթի Դոհերթին նշել է, որ խոսքը խոցելի վիճակում հայտնված ու օգնության կարիք ունեցող մարդկանց մասին է, որոնք աջակցության փոխարեն մեղադրյալից ինքնասպանության միջոցներ են ստացել։
«Նրանք խոցելի մարդիկ էին… Նրանց օգնություն էր պետք, բայց փոխարենը գտան պարոն Լոուին ու նրա «մահվան ապրանքները»»,— ասել է Դոհերթին։ Նա մերժել է այն պնդումները, թե տղամարդը գործել է մարդասիրական մղումներով՝ ընդգծելով, որ նա ապրանքը վաճառել է բոլոր նրանց, ովքեր կանխավճար են տրամադրել։
Կողմերի համաձայնեցրած գործի նյութերի համաձայն՝ նախկին խոհարարը գրեթե երկուսուկես տարի այդ նյութերն ուղարկել է ավելի քան 40 երկիր՝ քաջ գիտակցելով, թե ինչ նպատակով կարող են օգտագործվել դրանք։ Դատախազի խոսքով՝ նրա վաճառած նյութերի օգտագործումից մահացել է 93 մարդ, այդ թվում՝ 12 դեռահաս։
Պաշտպանական կողմը խնդրում է Լոուին դատապարտել 12 տարվա ազատազրկման։ Փաստաբան Մեթյու Գուրլեյը պնդում է, որ իր պաշտպանյալը գնորդների հոգեբանական խնդիրների պատճառը չի եղել և նրանց փոխարեն ինքնասպանության որոշում չի կայացրել։
«Կարճ ասած՝ պարոն Լոուն ոչ մեկին չի սպանել»,— հայտարարել է փաստաբանը՝ պնդելով, որ մեղադրյալին չի կարելի դիտարկել որպես բացառապես շահույթի հետևից ընկած գիշատիչ։ Պաշտպանության վարկածով՝ Լոուն պարզապես սխալ պատկերացումներ է ունեցել կյանքից կամավոր հեռանալու մարդու իրավունքի մասին։
Մայիսին Լոուն իրեն մեղավոր է ճանաչել Օնտարիոյի բնակիչներին ինքնասպանության հարցում խորհրդատվություն տալու կամ օժանդակելու 14 դրվագով։ Դատարանը քննում է նաև Մեծ Բրիտանիայում 79 մարդու մահվան հանգամանքները։ Սեպտեմբերին կայացած լսումների ժամանակ զոհերի հարազատները պատմել են մտերիմների կորստի ծանր հետևանքների մասին։
Ոստիկանության հաղորդմամբ՝ Լոուն վաճառել է նատրիումի նիտրիտ․ այս նյութը սովորաբար կիրառվում է մսամթերքի մշակման մեջ, սակայն ներքին ընդունման դեպքում կարող է մահացու լինել։
Կանադայում ինքնասպանությանն օժանդակելու համար նախատեսված առավելագույն պատիժը 14 տարվա ազատազրկումն է։ Դատախազությունը 14 դրվագներից յուրաքանչյուրի համար պահանջել է 12,5 տարի՝ առաջարկելով երկու ժամկետը կրել հաջորդաբար, իսկ մնացածը՝ միաժամանակ։ Կալանքի տակ անցկացրած ժամանակի հաշվակցմամբ՝ պահանջվող ժամկետը կարող է կազմել շուրջ 19 տարի և ութ ամիս։ Մեղադրող կողմը նաև ընդունել է, որ մեղքն ընդունելով՝ Լոուն զոհերի ընտանիքներին ազատել է ծանր դատավարությունից, բացի այդ՝ նա նախկինում դատված չի եղել։
Պաշտպանական կողմը խնդրում է հաշվի առնել նաև կալանավայրում մեղադրյալի պահման ծանր պայմանները։ Լոուն կալանքի տակ է 2023 թվականի մայիսից։ Դատավճիռն ակնկալվում է փետրվարին, որի հրապարակումից հետո դատախազությունը մտադիր է հետ վերցնել առաջին աստիճանի սպանության 14 մեղադրանքները։
Գործը քննել են նաև ԱՄՆ-ի, Իտալիայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի իրավապահ մարմինները։ Դատախազներից մեկի խոսքով՝ քննության շրջանակում ուսումնասիրվում է Միացյալ Նահանգներ ուղարկված՝ վտանգավոր նյութեր պարունակող շուրջ 431 ծանրոց։
Հասանելի է
Տեղադրություն
Թեմա
