Կանադայի Գերագույն դատարանը թույլատրել է Քվեբեկին պահպանել պետական հաստատություններում կրոնական խորհրդանիշների արգելքը

Կանադա14:07 | նոյեմբերի 28, 2026Կանադայի Գերագույն դատարանը թույլատրել է Քվեբեկին պահպանել պետական հաստատություններում կրոնական խորհրդանիշների արգելքը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Կանադայի Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել Քվեբեկի՝ աշխարհիկության մասին օրենքի հիմնական դրույթները, որոնցով մի շարք պետական ծառայողների արգելվում է աշխատավայրում կրոնական խորհրդանիշներ կրել, հաղորդում է Le Devoir-ը։
Ուրբաթ՝ ձայների 4 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ կայացված այս որոշումը կարևոր հաղթանակ է նահանգի իշխանությունների համար՝ կրոնական ազատության և պետության աշխարհիկության սահմանների շուրջ տարիներ ձգվող վեճում։
2019 թվականին ընդունված թիվ 21 օրենքն արգելում է պետական հատվածի մի շարք աշխատակիցների, այդ թվում՝ ուսուցիչներին և ղեկավար պաշտոններ զբաղեցնող պետծառայողներին, աշխատանքի ժամանակ կրոնական խորհրդանիշներ կրել։
Քվեբեկի իշխանությունները նախապես գործի էին դրել Կանադայի իրավունքների և ազատությունների խարտիայով նախատեսված հատուկ մեխանիզմը։ Դա շեղման վերապահում է, որը թույլ է տալիս ժամանակավորապես շրջանցել մի շարք սահմանադրական երաշխիքներ։
Դատարանն արձանագրել է, որ օրենքը բխում է ազատ ու ժողովրդավարական հասարակությունում պետության աշխարհիկությունը պահպանելու՝ Քվեբեկի պատմական ձգտումից։ Դատավորները նաև հաստատել են, որ նահանգն իրավասու է աշխարհիկության մասին օրենքներ ընդունել։
Անգլալեզու դպրոցների համար արգելքից բացառություն չի արվել, սակայն նահանգի Ազգային ժողովի պատգամավորներն ազատվել են որոշ սահմանափակումներից՝ ժողովրդավարական ներկայացուցչության սահմանադրական երաշխիքների հիմքով։
Գործի առանցքային հարցերից մեկն այն էր, թե արդյոք իշխանություններն իրավունք ունեն նախապես կիրառել Խարտիայից շեղման վերապահումը։ Գերագույն դատարանը չի սահմանափակել այդ հնարավորությունը, որից Քվեբեկն օգտվել էր թիվ 21 օրենքն ընդունելիս։
Միաժամանակ դատավորների մեծամասնությունը վճռել է, որ դատարանները կարող են քննել այդ վերապահմամբ պաշտպանված այլ օրենքները և որոշումներ կայացնել՝ արդյոք դրանք հակասում են առանձին իրավունքներին ու ազատություններին։
Երեք դատավոր՝ Գերագույն դատարանի նախագահ Ռիչարդ Վագները, Սյուզան Կոտեն և Մալքոլմ Ռոուն, չեն կիսել մեծամասնության կարծիքը։ Նրանց համոզմամբ՝ վերապահումը կիրառելուց հետո դատարաններն այլևս չպետք է ստուգեն տվյալ օրենքի համապատասխանությունը Խարտիային։
Դատարանն առանձին հայտարարությամբ չի արձանագրել, թե թիվ 21 օրենքը խախտում է սահմանադրական իրավունքները, քանի որ դատավորները նման եզրակացության համար միասնական իրավական հիմնավորման շուրջ համաձայնության չեն եկել։
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին ողջունել է դատական վերահսկողության պահպանումը՝ նշելով, որ քաղաքացիներն իրավունք ունեն իմանալ, երբ օրենսդրական նախաձեռնությունները ոտնահարում են իրենց իրավունքները։
Քվեբեկի վարչապետ Պոլ Սեն-Պիեռ Պլամոնդոնը որոշումը որակել է նահանգի աշխարհիկության հաղթանակ, թեև դժգոհել է, որ դատական վերահսկողության պահպանումը սահմանափակում է նահանգի իշխանությունների ինքնավարությունը։
Օրենքի հակառակորդները խոստացել են շարունակել պայքարը։ Մոնրեալի անգլալեզու դպրոցական խորհուրդը դեմ է 2029 թվականին վերապահման ժամկետի երկարաձգմանը, իսկ Կանադայի մահմեդականների ազգային խորհուրդը հույս ունի, որ դաշնային իշխանությունները կօգտվեն նահանգային օրենքը չեղարկելու իրենց լիազորությունից։
Այս գործը լայն արձագանք է գտել ամբողջ Կանադայում․ լսումներին մասնակցել են դաշնային կառավարության, Քվեբեկի և ևս հինգ նահանգների, ինչպես նաև բազմաթիվ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
<!—>
Հասանելի է
[—>русский
Տեղադրություն
Թեմա
