Իմ և ընտանիքիս անվտանգության ողջ պատասխանատվությունն ընկնում է Բիձինա Իվանիշվիլիի վրա. Ղարիբաշվիլի

Իմ և ընտանիքիս անվտանգության ողջ պատասխանատվությունն ընկնում է Բիձինա Իվանիշվիլիի վրա. Ղարիբաշվիլի

Վրաստանի նախկին վարչապետ, այժմ անազատության մեջ գտնվող Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարություն է տարածել՝ իր ընտանիքի անվտանգության պատասխանատվությունը դնելով «Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի վրա։

Նրա հայտարարությունն ու տարածած նամակը` ստորև.

«Այս նամակն ինձ ուղարկել են Բիձինա Իվանիշվիլիի հանձնարարականով։ Ես ամեն ինչ փորձեցի և արեցի, որ այս քայլին չդիմեմ, սակայն, ցավոք, ինձ այլ ճանապարհ չթողեցին, քան ընդդիմանալն այս արժանապատվությունը ոտնահարող չարիքին։ Այս անգութ ամբարտավանությանը, ճնշմանն ու անարդարությանը, իմ և ընտանիքիս կործանման կեղտոտ ծրագրին։ Վաղը ես հանդես կգամ ծավալուն նամակով և հանրությանը կհայտնեմ իմ ճշմարտությունը։ Այսօրվանից իմ և ընտանիքիս անվտանգության ողջ պատասխանատվությունն ընկնում է Բիձինա Իվանիշվիլիի և ամբողջ իշխանության վրա»,- ասված է Իրակլի Ղարիբաշվիլիի նամակում։

Իրակլի Ղարիբաշվիլին հրապարակել է նաև այն նամակը, որին ինքն արձագանքել է։

«Դիտո Չուբինիձեի, Իրմա Ինաշվիլիի նման «աջակիցները» և սոցիալական ցանցերում կազմակերպված արշավները շատ լուրջ կասկածներ առաջացրին և մեզ խիստ վնասեցին։ Շատ ինտենսիվ աշխատանք է ընթանում մի քանի գործերով, որոնց հնարավոր արդյունքը կլինեն կոռուպցիոն մեղադրանքները։ Ուստի գոյություն ունի մեր գործողությունների երկու տարբերակ․

1. Լուրջ վիճարկել և գնալ մինչև վերջ։

2. (Երկրորդ տարբերակն իրենք են առաջարկել՝ որպես փոխհամաձայնեցված ելք) – Խոստովանել (մեզ վրա վերցնել) գործերից որևէ մեկը, որտեղ ամեն ինչ տեղի կունենա պայմանավորվածությամբ՝ և՛ խոստովանությունը, և՛ վկաների մատնացույց անելը և այլն։ Այս դեպքում մեզ առաջարկում են դատավարական համաձայնություն (պլեա-բարգեյն) նույն 5 տարի ժամկետով, այսինքն, ինչպես ինձ բացատրում են, պատիժները կկլանեն միմյանց և նորից կմնա 5 տարի։ Ազատվելուց հետո չպետք է քաղաքականությամբ զբաղվեմ, և եթե «որոշես դավաճանել», կոռուպցիոն մեղադրանքը, որն արդեն ընդունած կլինես, կծառայի որպես ապահովագրական մեխանիզմ, որպեսզի չմտածես քաղաքականություն վերադառնալու մասին»,- ասված է նամակում։

Աղբյուր՝ 24News.am