ՀՀԿ-ն փորձում է Փաշինյանին վերածել շարքային ցուցարարի

Մինչ Փաշինյանը հայտարարում է քաղաքական ինքնասպանությունների մասին,  ՀՀԿ-ն տարածել է հայտարարություն, որից պարզ է դառնում, որ  երկրում սկիզբ առած քաղաքական ճգնաժամի նոր փուլը, որ սպառնում է տառացիորեն ջնջել հայաստանյան քաղաքական ողջ դաշտը, անհնար է լինելու  արագորեն մարել: Հայտարարության մեջ, մասնաորաբար, ասված է. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը մեկ նպատակ է հետապնդում, այն է՝ ապահովել Ազգային ժողովի բնականոն գործունեությունը, երբ արտակարգ իրավիճակների կամ պատգամավորների համար ստեղծված արհեստական խոչընդոտների պատճառով հնարավոր չի լինում ապահովել ԱԺ նիստի բնականոն ընթացքը կամ նիստի գումարման համար անհրաժեշտ քվորումը»։ ՀՀԿ-ի տարածած հայտարարության տեքստում անդրադարձ կա նաև Փաշինյանի հետ ունեցած  հանդիպմանը.
  1.  Վարչապետի կողմից արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետը դեկտեմբերին սահմանելը պայմանավորված էր ոչ թե օրենքի նախագծով, այլ արդեն իսկ վաղօրոք որոշված էր նրա կողմից:
  2.  ՀՀԿ խմբակցությունը որևէ համաձայնություն կամ խոստում վարչապետին չի տվել: ՀՀԿ խմբակցությունը շարունակում է համարել, որ պետք է կյանքի կոչվի կառավարության ծրագրում և վարչապետի նախկին հայտարարություններում հնչեցված ծրագիրը՝ բարելավելով ընտրական օրենսդրությունը և ողջամիտ ժամկետ տալով քաղաքական ուժերին առաջիկա խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու համար, ինչն ենթադրում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը 2019 թվականի մայիս-հունիս ամիսներին։
Այսպիսով՝ պետք է արձանագրել, որ ՀՀԿ-ն որևիցե կերպ մտադիր չէ վայր դնել իր իսկ բարձրացրած ապստամբության դրոշն ու այժմ ամեն գնով փորձում է ստեղծված իրավիճակի ողջ պատախանատվությունը գցել հեղափոխության ու անձամբ Փաշինյանի վրա. Փաշինյանն է գնում չարդարացված վա-բանկի՝ բոլոր հնարավոր տարբերակներից ընտրելով ամենաֆորսմաժորայինը, Փաշինյանն է հրաժարվում սեղմել ՀՀԿ-ի պարզած ձեռքը, Փաշինյանն է միակ մեղավորը, որ երկիրը հասել է այս օրվան: Ինչ խոսք՝ ՀՀԿ-ի հայտարարության տեքստում որևիցե անակնկալ լինել չէր կարող, ու առնվազն ինքնապահպանման բնազդից դրդված՝ այն պարտավոր է այժմ ամեն գնով ուղիներ որոնել՝ պահպանվելու քաղաքական դաշտում ու վճռական մարտից առաջ ձեռնարկելու նախապատրաստական քայլեր: Հետաքրքիրն այստեղ այն է, սակայն, որ ՀՀԿ-ն սեփական քաղաքական շահից բխած քայլերն ու որոշումները փորձում է մատուցել սահմանադրականության պահպանման, օրենքների գերակայության անհրածեշտության դիրքերից, ինչը, չնայած ներքին սպառման առումով անիմաստ է՝ պայմանավորված հայտնի իրողություններով, սակայն կարող է բավական լուրջ քաղաքական կապիտալի աղբյուր դառալ արտաքին ճակատում, որտեղից, ի դեպ, բավական ուշագրավ ազդակներ են կարծես կսկսում ստացվել.  Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցող Յուլյա Լավոչկինան Հայաստանում իրավիճակի առնչությամբ հայտարարություն է արել, ուր տեղ գտած որոշ դրույթներ թողնում են խիստ հակահեղափոխական տպավորություն: Ընդ որում՝  այստեղ ուշագրավը հատկապես այն է, որ նմանօրինակ ազդանշան ստացվում է այնտեղից,որտեղից, ըստ էության, չէր ակնկալվում: Կարելի՞ է, արդյոք, ԵԽԽՎ համազեկուցողի հայտարարությունը դիտարկել որպես անուղղակի աջակցություն՝ հակահեղափոխությանը կամ Փաշինյանից եվրոպացիների ունեցած հիասթափության արգասիք: Թերևս, ինչը նշանակում է, որ Փաշինյանի վա-բանկ գնալը կարող է վերջնադյունքում այնքան էլ իրեն չարդարացնել: Ինչ խոսք՝ հիմնական իրադարձությունները դեռ առջևում են, սակայն միանշանակ է, որ նման իրավիճակում ցանկության դեպքում նույն ՀՀԿ-ն կարող է մեծ անակնկալ մատուցել բոլորին՝ Փաշինյանին վերածելով շարքային ցուցարարի՝ այս անգամ արդեն անձամբ գնալով վա-բանկ: Norlur.am        
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.