ՀՀԿ-ն պատերազմ կհայտարարի Փաշինյանին

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություն է հրապարակել այն մասին, որ հեղափոխությամբ գահընկեց եղած ՀՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններին կարող է սատարել ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, ում, ինչպես հայտնի է, առաջադրելու են «Ելք» դաշինքի անդամ «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները՝ քաղաքական միավորներ, որոնց ջուրն, ասում են, Փաշինյանի ՔՊ-ի հետ նույն առվով չի հոսում՝ չնայած առաջիններն ամեն կերպ փորձում են ժխտել տարածված լուրերը: ՀՀԿ-ի՝ Զեյնալյանին աջակցելու հնարավորությունն, ըստ էության, չի մերժել նաև «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Թեհմինա Վարդանյանն, ով, նույն օրաթերթի փոխանցմամբ, հայտարարել է, որ ՀՀԿ-ականներն ազատ են լինելու սեփական որոշումներում. ում կցանկանան՝ նրանց էլ կսատարեն: Եթե հրապարակված տեղեկություններն իսկապես հաստատվեն, ու ՀՀԿ-ն, որն, ինչպես հայտնի է, սեփական թեկնածու չի ունենալու, իսկապես սատարի Զեյնալյանին, ապա  դա կարող է նշանակել, որ ավագանու ընտրությունները կդառնան ոչ միայն կամ ոչ այնքան, այսպես ասած, տեղական նշանակության ընտրություններ, որքան՝ լրջագույն քաղաքական պրոցեսների ու ներքին խմորումների պատճառ: Գլխավոր հարցը, թերևս, կարող է լինել մեկը՝ ի՞նչ է ծրագրել հակահեղափոխության հիմնական լոկոմոտիվ դարձած «Հանրապետական»-ը: Ակնհյատ է, որ Զեյնալյանին աջակցելը կարող է ունենալ մի քանի նպատակ, որոնցից ամենաէականը, թերևս, «Ելք»-ը վերջնականապես պառակտելն է, այն ծվեն-ծվեն անելն ու Փաշինյանին փաստացի միայնակ թողնելը՝ չնայած գաղտնիք չէ, որ ներկա իրավիճակում այժմ նույն ԼՀ-ն ու «Հանրապետություն»-ը Փաշինյանի կարիքը շատ ավելի ունեն, քան հակառակը: Այստեղ մի հանգամանք էլ է աչքի ընկնում՝ ԼՀ-ի ու «Հանրապետության» արևմտամետ կողմնորոշումը: Կարող է հարց առաջանալ՝ ինչո՞վ կարող է բացատրվել ռուսամետ ՀՀԿ-ի հնարավոր աջակցությունը փաստացի արևմտամետ ուժերին, նպատակը արևմտականացումը խորացնե՞լն է, թե՞ արևմտամետ դաշտը լղոզելը կամ բխող վտանգը չեզոքացնելը: Երևում է՝ ՀՀԿ-ում որոշել են խաղադրույք կատարել հենց ԼՀ-ի ու «Հանրապետության» վրա՝ ուժերի, որոնց ռեսուրսն, ինչպես հայտնի է, խիստ նվազ է այժմ՝ պայմանավորված նախևառաջ հեղափոխության ընթացքում որդեգրած հայտնի դիրքորոշմամբ. ՀՀԿ-ի անսպառ նյութական ռեսուրսը կարող է լավ հիմք լինել առաջիկա ընտրություններին ռեալ արդյունք գրանցելու համար: Բոլոր դեպքերում անվիճելի է, որ ՀՀԿ-ում էլ են հասկանում՝ Հայկ Մարությանն, ով, ինչպես հայտնի է, Փաշինյանի թեկնածուն է առաջիկա ընտրություններում,  մրցակցությունից դուրս է գտնվում, հետևաբար՝ շատ ավելի տրամաբանական է կարծել, որ Զեյնալյանին հնարավոր սատարումն ընդամենը այն բազմաքայլ կոմբինացիայի առաջին քայլն է լինելու, որի արդյոնքում ՀՀԿ-ն փորձելու է հասնել իր ուզածին՝           «Ելք»-ի քայքայմանն ու արտահերթ խորհրդարնկան ընտրություններին ընդառաջ հեղափոխական իշխանությունների ռեսուրսների ջլատմանը: Խաղը նոր է սկսվում… Norlur.am
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.