Փաշինյանին սպառնացող վտանգը. հիմնական գործը կանի Ծառուկյանը

«Ծառուկյան» դաշինքի շուրջ վերջին շրջանում բավական ուշագրավ պրոցեսներ են ծավալվում: Համենայն դեպս՝ մամուլը առավել հաճախ է սկսել անդրադառնալ այս քաղաքական ուժին՝ հանրության ուշադրությունը հրավիրելով որոշ իրողությունների վրա: Ինչպես հայտնի է, քաղաքական ուժերը հետզհետե փորձում են առավել հարմարավետ դիրքավորվել՝ պատրաստվելով արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Բոլորն էլ հասկանում են, սակայն, որ ապագա ընտրություններն էապես տարբերվելու են ՀՀ-ում տեղի ունեցած բոլոր նախորդ ԱԺ ընտրություններից, ու  իրավիճակին ադեկվատ չգտնվելու պարագայում որոշ քաղաքական ուժեր կարող են նույիսկ փոշիանալ. Փաշինյանի ու նրա կուսակցության հեղինակությունն ուղղակի ֆանտաստիկ է: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» հենց վաղն էլ պատրաստ է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ հավելելով. «Գագիկ Ծառուկյանը Հայաստանի ամենաբարձր քաղաքական ռեյտինգ ունեցող գործիչներից է: Եթե որևէ մեկն այդ վարկանիշը կարող է կասկածի տակ դնել, ես մեծապես կզարմանամ»: Նույն Զոհրաբյանը Facebook-ում  գրառում է կատարել, ուր տարակուսանք էր հայտնել այն արձագանքների վերաբերյալ, որ  հետևել էին նրա այն հայտարությանը, թե խորհրդարանական ընտրություններում հավակնելու են ստանալ ժողովրդի մեծամասնության վստահությունը: Զոհրաբյանն իր ունեցած հավակնություները համարել էր միանգամայն բնական՝ հիմնավորելով այն քաղաքագիտության օրենքներով: «Ժամաակ»-ը գրել է, որ Գագիկ Ծառուկյանի՝ Արմավիր կատարած այցը բավական ուշագրավ նյուանսներով է աչքի ընկել. ՀՀԿ-ական հիմնարկների ղեկավարներին պարտադրել են իրենց ՀՀԿ-ական աշխատակիցներով ներկա գտնվել Ծառուկյանի դիմավորման արարողությանը, որպեսզի այն հնարավորինս մարդաշատ լինի: Այն օրվանից, երբ հայտնի դարձավ, որ Ծառուկյան դաշինքը ՀՅԴ-ի հետ միասին որոշել է  միանալ փաստցի հաղթանակի հասած Փաշինյանի համաժողովրդական շարժմանը, ոմանք կարծիք էին հայտնում, թե դիցուք «Ծառուկյան» դաշինքի՝ Փաշինյանին պարզած ձեռքը բնավ  ազնիվ մղումներով չէ, որ պայմանավորված է եղել. դրանում նշմարվում է ՀՀԿ-ի ռեվանշիստական պլանը՝ ականապատելու Նիկոլ Փաշինյանի աթոռն ու ճիշտ ժամանակին այն պայթեցնելու: Հարց կարող է առաջանալ՝ արտահերթ ընտրությունները, որոնց արագ անցկացման մեջ մեծապես շահագրգիռ է Զոհրաբյանը, ինչպե՞ս կարող են ծառայեցվել Փաշինյանի դեմ հավանական դավադրության իրագործմանը՝ հաշվի առնելով Զոհրաբյանի այն վստահությունը, թե իրենք, պայմանավորված Ծառուկյանի ունեցած բարձր վարկանիշով, մտադիր են մեծամասնություն կազմել խորհրդարանում: Նախ բոլորն էլ գիտեն, որ ՀՀ նոր իշխանությունները չեն ողջունում խորհրդարանում որևիցե ուժի կողմից մեծամասնություն կազմելու հավանակնությունը. նրանք դա համարում են հակաժողովրդավարական երևույթ, որն ընդունակ է էապես խոչընդոտել պառլամենտի՝ որպես կարևորագույն քաղաքական կառույցի կայացմանը Հայաստանում: Կարո՞ղ է, արդյոք,  ստացվել այնպես, որ Հանրապետականի դերակատարությունն այս անգամ իր վրա վերցնի «Ծառուկյան» դաշինքը՝ հիմնվելով իր առաջնորդի ունեցած իբր բարձր հեղինակության վրա: Անկասկած, ոչ միայն հնարավոր է, այլև միանգամայնորեն տրամաբանական, որ խորհրդարանում մեծամասնություն կազմելու Զոհրաբյանի պլանները լիովին համաձայնեցված լինեն ՀՀԿ բարձրագույն ղեկավարության հետ (միամտություն է կարծելը, թե ընդամենը մի քանի շաբաթ առաջ վարչապետի մանդատը  վայր դրած Սերժ Սարգսյանը կորցրել է իր վերահսկողությունը քաղաքական դաշտի մեծ մասի վրա. նրա ունեցած հաստափոր դոսյեները բավարար են, որպեսզի ստիպի համապատասխաններին՝ պարելու ՀՀԿ-ի դուդուկի տակ այն պարը, որի պատվիրատուն կլինի անձամբ ինքը): «Ժամանակ»-ի հրապարակած տեղեկություններն ակնհայտորեն վկայում են ԲՀԿ-ՀՀԿ գաղտնի դաշինքի մասին, ինչով էլ, թերևս, կարելի է բացատրել նաև Զոհրաբյանի շտապողականությունն ընտրությունների անցկացման հարցում: Ընտրված ստրատեգիան իսկապես շախմատային է. ՀՀԿ-ն, զրկվելով ժողովրդական աջակցությունից, այժմ ստիպված է լինելու համակերպվել այն մտքի հետ, որ ի վիճակի չի լինելու  էական մասնակցություն ունենալ   երկրի կառավաման գործում. դժվար թե 10-20%-ից ավել ձայն հավաքեն, եթե, իհարկե, բացառվեն ընտրակաշառքները: Իսկ սա նշանակում է, որ Հանրապետականը ստիպված է լինելու անցնել ստվեր՝ առաջ գցելով այն քաղաքական ուժին, որի խորքային կառավարման լծակներն անմիջականորեն գտնվում են իր ձեռքերում: Եթե «Ծառուկյան» դաշինքի ձայներին գումարվում են ՀՀԿ-ականների համախոհների քվեներն, իսկ դրանք քիչ չեն լինելու՝պայմանավորված մի շարք գործոններով, ապա բոլորովին չի բացառվում, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով  կրկին ձևավորվի կայուն մեծամասնութան խորհրդարան՝ այս անգամ արդեն «Ծառուկյան» դաշինքի դոմինանտությամբ, ում մեջքի հետևում կանգնած կլինի առերևույթ փոքրաթիվ, բայց անսպառ նյութական ռեսուրսներ ունեցող ՀՀԿ-ն՝ հանդես գալով ստվերային դերակատարի կարգավիճակում ու փաստի առաջ կանգնեցնելով Նիկոլ Փաշինյանին, ում այդպես էլ չի հաջողվի քաղաքական դաշտի կոնֆիգուրացիան իրեն ձեռնտու կերպով ձևավորել: Այսպիսով՝ Հայաստանում առաջացած ճգնաժամը ոչ միայն կարող է չհաղթահարվել արտահերթ ընտրությունների  արդյունքում, այլև ստանա բոլորվին այլ դրսևորում՝ այս անգամ արդեն շատ ավելի ճակատագրական հետևանքներով. ՀՀԿ-ի դավադրությունը կարող  է փայլուն կերպով աշխատել՝ փաստացի տապալելով հեղափոխությունը: Norlur.am  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.