ԵԱՏՄ երկրների թվում կան պետություններ, որոնք ցանկանում են ընդօրինակել ՀՀ-ի փորձը ԵՄ-ի հետ հարաբերություններում

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների շարքում կան երկրներ, որոնք նպատակ ունեն ընդօրինակել Հայաստանի փորձը՝ Եվրոպական միության հետ հարաբերությունների առումով: Կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողի հարցին, թե ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից կա՞ որոշակի շահագրգռվածություն՝ ընդօրինակելու Հայաստանի փորձը ԵՄ-ի հետ նոր մակարդակի կապեր հաստատելու առումով, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ասաց. «Անուններ չեմ նշի, բայց կան: Մեր փորձն ուսումնասիրում են»: Միաժամանակ, լրագրողները փոխնախարարից հետաքրքրվեցին՝ ԵՄ-ՌԴ հարաբերությունների վատթարացման հետ կապված արդյոք խոչընդոտներ տեսնո՞ւմ է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման հարցում, Շավարշ Քոչարյանը բացասական պատասխան տվեց: «Ոչ, չեմ տեսնում, դրա մասին բազմիցս խոսվել է, ավելին՝ նույն ԵՄ-ն շատ կարևորում է այն հանգամանքը, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ առաջին պետությունն է, որն այդպիսի խորը համագործակցության է գնում ԵՄ-ի հետ, բնական է՝ պահպանելով իր պարտավորություններն այլ ինտեգրացիոն միավորումներում»,- ընդգծեց Շավարշ Քոչարյանը: ՀՀ կառավարությունը մարտի 22-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին: 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.