Որքան բարեկեցիկ ապրի իրանցի ժողովուրդը, այնքան դա օգտակար է Հայաստանին. Սերժ Սարգսյան

Իրանը Հայաստանի համար բարեկամ երկիր է, Հայաստանն Իրանի հետ շփվելու հազարամյակների փորձ ունի, և այսօրվա առևտրաշրջանառության ծավալները մեզ չեն բավարարում, այս մասին «Արմենիա» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք փաստը, որ ԱՄՆ նախագահը կասկածի տակ է դնում Իրանի միջուկային ծրագիրը, կարող է վտանգել հայ-իրանական ծրագրերը: «Մենք մեր դիրքորոշումը մշտապես հայտնել ենք, արտահայտել ենք հրապարակավ, արտահայտել ենք մեր հանդիպումների ժամանակ և մենք համարում ենք, որ բանակցությունների արդյունքում ձեռք բերված պարտավորությունները բխում են, առաջին հերթին, եթե դիտարկենք մեր տեսանկյունից՝ մեր շահերից, բխում են նաև կողմերի շահերից: Ուստի` ցանկալի է, որպեսզի այդ համաձայնագիրը պահպանվի և ցանկալի է, որ այդ համաձայնագրի դրույթներն իրականացվեն: Կարծում եմ, ի վերջո, մենք պետք է մտածենք հետևյալ կերպ՝ որքան բարեկեցիկ ապրի իրանցի ժողովուրդը, այնքան դա օգտակար է Հայաստանին: Դա կարևոր է, որովհետև կաշխուժանա առևտուրը, տուրիստական հոսանքները, մեր շփումները։ Ի վերջո, հանրությունը բաղկացած է անհատներից, սուբյեկտներից, և որքանով բարեկեցիկ լինեն այդ սուբյեկտները, այնքանով բարեկեցիկ կլինի նաև ամբողջ հանրությունը: Իրանը մեզ բարեկամ երկիր է, Իրանի հետ մենք շփվելու հազարամյակների փորձ ունենք, և այսօրվա առևտրաշրջանառության ծավալները մեզ չեն բավարարում, այսօրվա տնտեսական համագործակցության մակարդակը մեզ չի բավարարում, այստեղ հսկայական ներուժ կա, և այդ ներուժի իրացման համար անհրաժեշտ է Իրանում կայունություն, խաղաղություն. այդ, դեպքում մենք կարող ենք այդ խաղաղության ու կայունության պտուղները քաղել»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.