Թուրքիան իր երկրի սահմանները պաշտպանելու իրավունք ունի. երկրի փոխվարչապետը` սիրիական Իդլիբում գործողության մասին

Թուրքիայի փոխվարչապետերից Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ Թուրքիան իրավունք ունի պաշտպանել իր երկրի սահմանները, ինչի նպատակով էլ այսօր թուրքական ԶՈւ-ի տարբեր ստորաբաժանումներ գտնվում են սիրիական Իդլիբում: Ինչպես գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը, Բոզդաղը շեշտել է, որ քրդական խմբավորումների՝ Սիրիայի հյուսիսային Աֆրին շրջանում կենտրոնացումը լուրջ վտանգ է ներկայացնում իրենց համար: Նա նշել է, որ մոտ ապագայում Թուրքիան առավել վճռական քայլեր կկատարի այս ահաբեկչական օղակը ճեղքելու համար: Նշենք, որ օրեր առաջ հաղորդվել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է սիրիական Իդլիբում ռազմական գործողության մասին: Թուրքիայի վարչապետ Բիլանի Յըլդըրըմն իր հերթին շեշտել էր, որ Անկարան Իդլիբում  իր գործողությունները համակարգում է Մոսկվայի հետ, դրանց նպատակը անվտանգության ապահովումն է: Հիշեցնենք, որ 2016թ.-ի օգոստոսի 24-ին թուրքական հատուկ նշանակության ուժերը մտել էին Սիրիայի տարածք՝ իրենց իսկ խոսքով՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում: Թուրքական ԶՈւ-ին աջակցել են «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումն ու կոալիցիոն ուժերը՝ օդային հարվածների միջոցով: Թուրքական ԶՈՒ-ն պայքարել է նաև Սիրիայի հյուսիսում գործող քրդական ազգային խմբավորումների դեմ։ Այս տարվա մարտի վերջին Թուրքիայի վարչապետը հայտարարել էր գործողության ավարտի մասին։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.