ԱՄՆ-ը մոտ է Իրանի հետ ժամանակավոր դադարի շուրջ պայմանավորվածության հասնելուն. Թոմ Բարաք

ԱՄՆ-ը մոտ է Իրանի հետ ժամանակավոր դադարի շուրջ պայմանավորվածության հասնելուն. Թոմ Բարաք

Դիվանագիտություն00:53 | հոկտեմբերի 30, 2026ԱՄՆ-ը մոտ է Իրանի հետ ժամանակավոր դադարի շուրջ պայմանավորվածության հասնելուն. Թոմ Բարաք
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

ԱՄՆ-ը մոտ է Իրանի հետ ժամանակավոր դադարի շուրջ պայմանավորվածության հասնելուն. Թոմ Բարաք<!—>

]—>

ԱՄՆ հատուկ բանագնաց Թոմ Բարաքը հոկտեմբերի 29-ին Դոհայում անցկացված Global Perspectives միջոցառման ժամանակ CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտ է Իրանի հետ լարվածության ժամանակավոր թուլացման շուրջ պայմանավորվածության հասնելուն։

Միաժամանակ հակամարտության լիարժեք կարգավորումը մոտ ապագայում քիչ հավանական է։

Ըստ Բարաքի՝ Կատարը, Պակիստանը և ԱՄՆ մյուս գործընկերներն ակտիվացրել են դիվանագիտական ջանքերը՝ ձգտելով Վաշինգտոնին և Թեհրանին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ։

«Կատարը, Պակիստանը և մեր բոլոր դաշնակիցները լավ աշխատանք են կատարել՝ փորձելով մեզ հավաքել մեկ սենյակում, որպեսզի կարողանանք պայմանավորվել գործընթացի շուրջ, և մենք մոտ ենք դրան։ Կարծում եմ՝ շատ մոտ ենք վերջապես այն կետին հասնելուն, երբ կկարողանանք ասել՝ եկեք պարզապես դադար վերցնենք»,- հայտարարել է ԱՄՆ բանագնացը։

Նա ընդգծել է, որ առայժմ խոսքը ոչ թե համապարփակ համաձայնագրի, այլ լարվածության սրման ժամանակավոր դադարեցման մասին է, ինչը տարածաշրջանին թույլ կտար ինքնուրույն որոշել կարգավորման հետագա ուղին։ Բարաքի գնահատմամբ՝ լարվածության թուլացումը կարող է սկսվել առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։

Բանագնացը նաև հիշատակել է Կատարի առաջարկած յոթօրյա դադարի տարբերակը, որը, նրա ասելով, շարունակում է քննարկվել։ Միաժամանակ նա չի հայտնել, արդյոք Իրանն ընդունե՞լ է առաջարկը, կամ կողմերն արդեն համաձայնագիր են կնքել։

Բարաքը խոստովանել է, որ բանակցությունները բարդանում են Իրանի ղեկավարության հետ կապ հաստատելու դժվարությունների պատճառով։ Ըստ նրա՝ իրանցի այն պաշտոնյաների մահը, որոնց հետ ամերիկյան կողմը շփվել է հակամարտության ընթացքում, դժվարացրել է հաղորդակցությունը։

«Քանի որ մենք ոչնչացնում ենք Իրանում մեր զրուցակիցներին, հաղորդակցությունը շատ ավելի է բարդանում»,- ասել է նա։

Բանագնացը նաև կասկածի տակ է դրել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում որոշումների ընդունման գործընթացի թափանցիկությունը՝ նշելով, որ Վաշինգտոնի համար դժվար է հասկանալ, թե կոնկրետ ով է որոշում այդ կառույցի դիրքորոշումը, և ինչ գործոններ են ազդում դրա գործողությունների վրա։

Բարաքը միաժամանակ նշել է տարածաշրջանի պետությունների աճող դերը դիվանագիտական ջանքերում։ Նա ասել է, որ Սաուդյան Արաբիան, Պակիստանը և Թուրքիան համագործակցում են Իրանի հետ՝ փորձելով թուլացնել լարվածությունը և միաժամանակ իրենց գործողությունները համակարգելով ԱՄՆ-ի հետ։

«Զարմանալի է. Սաուդյան Արաբիան, Պակիստանը և Թուրքիան մեկնում են Իրան՝ փորձելու թուլացնել լարվածությունը, մինչդեռ մենք նրանց հետ համաձայնեցված ենք գործում։ Մենք բոլորս ընտելանում ենք արտաքին քաղաքականության մեկ այլ տեսակի»,- հայտարարել է նա։

Բարաքի կարծիքով՝ Մերձավոր Արևելքի երկրներն ավելի ու ավելի հստակ են գիտակցում, որ ստիպված են լինելու ինքնուրույն երկարաժամկետ հարաբերություններ կառուցել Իրանի հետ, այդ թվում՝ տարածաշրջանում ամերիկյան ռազմական ներկայության կրճատումից հետո։

«Ամերիկան վաղ թե ուշ տուն կվերադառնա։ Իսկ մենք ստիպված ենք լինելու մնալ այս վիրավոր առյուծի հետ»,- Իրանի մասին խոսելիս բանագնացն այսպես է փոխանցել տարածաշրջանի պետությունների ենթադրյալ դիրքորոշումը։

<!—>

Հասանելի է

[—>русский

Թեմա

ԴիվանագիտությունԲանակցություններՔաղաքականություն

Տեղադրություն

ԻրանԱՄՆ

Աղբյուրը՝ NEWS.am