«Ես չեմ կարող չեզոք մնալ». Քրիստին Լագարդը բացատրել է ԵԿԲ-ից իր վաղաժամ հեռանալու պատճառը

Կենտրոնական բանկ00:40 | հոկտեմբերի 30, 2026«Ես չեմ կարող չեզոք մնալ». Քրիստին Լագարդը բացատրել է ԵԿԲ-ից իր վաղաժամ հեռանալու պատճառը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) ղեկավար Քրիստին Լագարդը պաշտոնից վաղաժամ հեռանալու որոշումը բացատրել է դրամավարկային քաղաքականության շրջանակից դուրս գտնվող հարցերում չեզոքություն պահպանելու ցանկության բացակայությամբ, հայտնում է Euronews-ը։
Նա հայտարարել է, որ այլևս չի կարող լռել, երբ փաստերը խեղաթյուրվում են, իսկ հավաստի տեղեկությունները փոխարինվում են սխալ պնդումներով։
Միաժամանակ վերջին մամուլի ասուլիսում Լագարդը հայտնել է, որ ԵԿԲ ղեկավարությունը լրջորեն քննարկել է հիմնական տոկոսադրույքի բարձրացումը, որն այժմ կարող է տեղի ունենալ արդեն դեկտեմբերին։
«Չեմ կարծում, որ կարող եմ չեզոք մնալ»,- Ֆրանկֆուրտում լրագրողներին ասել է Լագարդը։ Նա նշել է, որ ինքը շահագրգռված է ճշմարտության բացահայտմամբ և մտահոգված է, որ փաստերը հաճախ խեղաթյուրվում կամ սխալ լույսի ներքո են ներկայացվում։
Լագարդը պաշտոնը կթողնի 2027 թվականի փետրվարի 7-ին՝ լիազորությունների ավարտից մոտ ութ ամիս առաջ։ Նա պարզաբանել է, որ վաղաժամ հեռանալն իրեն հնարավորություն կտա ավելի ազատ արտահայտվել դրամավարկային քաղաքականությանն անմիջականորեն չառնչվող հարցերի շուրջ։ Արժույթի միջազգային հիմնադրամում և Եվրոպական կենտրոնական բանկում ավելի քան 20 տարի աշխատելուց հետո նա զգում է, որ կան թեմաներ, որոնց մասին պետք է բացահայտ խոսի։
Հինգշաբթի անցկացված նիստում ԵԿԲ կառավարիչների խորհուրդը միաձայն որոշել է հիմնական տոկոսադրույքը պահպանել 2,5% մակարդակում։ Սակայն Լագարդը հայտնել է, որ քննարկման մասնակիցները լրջորեն դիտարկել են նաև հակառակ տարբերակը՝ տոկոսադրույքի բարձրացումը։
«Այս երկու գործոնները միասին դիտարկելով՝ կառավարիչների խորհուրդն իսկապես քննարկել է՝ արդյոք նպատակահարմար էր բարձրացնել տոկոսադրույքը»,- ասել է նա՝ նկատի ունենալով էներգակիրների գների և երկարաժամկետ փոխառությունների արժեքի աճը։
Եվրագոտում գնաճը սեպտեմբերին հասել է 3,8%-ի՝ զգալիորեն գերազանցելով Եվրոպական կենտրոնական բանկի 2% թիրախային ցուցանիշը։ Էներգակիրների գները մեկ տարվա ընթացքում աճել են 18,9%-ով։ Միաժամանակ եվրագոտու երկրների տասնամյա պետական պարտատոմսերի եկամտաբերությունը սեպտեմբերյան կանխատեսումների պատրաստման պահից աճել է մոտ 0,35 տոկոսային կետով։ Դա բարձրացնում է ընկերությունների և տնային տնտեսությունների համար վարկերի արժեքը և կարող է զսպել տնտեսական ակտիվությունը։
Լագարդն ընդգծել է, որ Եվրոպական կենտրոնական բանկը կշարունակի որոշումներ ընդունել յուրաքանչյուր նիստի արդյունքներով և նախապես սահմանված ուղղությանը հետևելու պարտավորություն չի ստանձնում։ Մինչև դեկտեմբերյան հանդիպումը կարգավորող մարմինը նոր տվյալներ կստանա գնաճի, տնտեսական աճի և աշխատավարձերի վերաբերյալ։ Միաժամանակ Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավարը հասկացրել է, որ էական փոփոխությունների բացակայության դեպքում հետագա գործողությունների ուղղությունը բավական ակնհայտ կլինի։
Մամուլի ասուլիսի մեկ այլ թեմա է դարձել պետական պարտատոմսերի շուկայում տիրող իրավիճակը, հատկապես Ֆրանսիայում, որտեղ փոխառությունների արժեքը կտրուկ աճել է։ Լագարդն ուղղակիորեն չի նշել երկրի անունը, սակայն նախազգուշացրել է, որ պարտքի բարձր մակարդակ ունեցող պետությունները պետք է պատրաստվեն բարձր տոկոսադրույքների երկարատև ժամանակաշրջանի և պահպանեն ԵՄ բյուջետային կանոնները։ Նա հայտարարել է նաև, որ Եվրոպական կենտրոնական բանկը միջամտության գործիքներ ունի, եթե շուկաներում անկանոն տատանումները սկսեն խոչընդոտել դրամավարկային քաղաքականության որոշումների ազդեցության փոխանցմանը տնտեսությանը։
<!—>
Հասանելի է
[—>русский
Կազմակերպություն
Անձ
Թեմա
Աղբյուրը՝ NEWS.am
