Զե՞նք, թե՞ ընծա աստվածներին. Իտալիայում հրաբխային լճի հատակին 3300 տարվա վաղեմության սուր բրոնզե թուր են գտել

Զե՞նք, թե՞ ընծա աստվածներին. Իտալիայում հրաբխային լճի հատակին 3300 տարվա վաղեմության սուր բրոնզե թուր են գտել

Հնագիտություն01:39 | հոկտեմբերի 30, 2026Զե՞նք, թե՞ ընծա աստվածներին. Իտալիայում հրաբխային լճի հատակին 3300 տարվա վաղեմության սուր բրոնզե թուր են գտել
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Զե՞նք, թե՞ ընծա աստվածներին. Իտալիայում հրաբխային լճի հատակին 3300 տարվա վաղեմության սուր բրոնզե թուր են գտել<!—>

]—>

Հնագետները Իտալիայի Մեցցանո լճի հատակին մոտ 3300 տարվա վաղեմության լավ պահպանված բրոնզե թուր են հայտնաբերել, հայտնում է Live Science-ը։

Զենքը կարող էր որպես զոհաբերություն մատուցված լինել որևէ աստվածության կամ պատկանել ազնվական մի ռազմիկի, որն ապրել է էտրուսկյան և հռոմեական քաղաքակրթությունների ձևավորումից շատ առաջ։

Մեցցանո լիճը հնագույն հրաբխի խառնարանում է՝ Հռոմից մոտ 100 կմ հյուսիս-արևմուտք։ Ըստ Վիտերբոյի նահանգի և Հարավային Էտրուրիայի հնագիտության, կերպարվեստի և լանդշաֆտի վարչության հայտարարության՝ թուրը պատկանում է ուշ բրոնզի դարին՝ մ.թ.ա. XIV–XIII դարերին։ Չնայած անցած հազարամյակներին՝ զենքի շեղբը պահպանել է իր սրությունը։ Սա վերջին 50 տարում լճում հայտնաբերված արդեն երրորդ նման թուրն է։

Վերջին ուսումնասիրությունների ընթացքում հնագետները նաև հայտնաբերել են ներկայիս լճի տեղում գոյություն ունեցած բնակավայրի մնացորդներ։ Բրոնզի դարում մարդիկ այստեղ կառուցում էին ցցերի վրա կանգնեցված կացարաններ՝ ջրի մակերևույթից վեր։ Գտածոների թվում են բազմաթիվ լավ պահպանված սափորներ, կացիններ, նետերի ու նիզակների ծայրեր, դաշույններ, քորոցներ և բրոնզե ածելի։

Թուրն ու ածելին հայտնաբերվել են միմյանցից ոչ հեռու։ Դա հուշում է, որ երկու առարկաներն էլ կարող էին պատկանել սոցիալական բարձր դիրք ունեցող մարդու, օրինակ՝ ռազմիկների վերնախավի ներկայացուցչի։ Սակայն հետազոտողները չեն բացառում նաև գտածոների ծիսական նշանակությունը։

Բրոնզի դարում ընդունված էր ջրամբարներում զարդերի կուտակումներ և միտումնավոր ձևախեղված կամ ծիսականորեն գործածությունից հանված առարկաներ թողնել։ Նման ծեսեր պահպանվել են նաև ավելի ուշ՝ էտրուսկյան դարաշրջանում, երբ ջրհորները ծիսականորեն փակում էին՝ դրանց մեջ թողնելով տարբեր առարկաներ, իսկ երբեմն նաև մարդկային զոհեր։

Մ.թ.ա. XIII դարում Կենտրոնական Իտալիայի բնակիչները ներգրավված էին Միջերկրածովյան տարածաշրջանն ընդգրկող առևտրային ցանցերում։ «Այս համատեքստում բրոնզե զենքը ոչ միայն մարտ վարելու միջոց էր, այլև հեղինակության, ինքնության և իշխանության խորհրդանիշ»,- նշվում է գերատեսչության հայտարարության մեջ։

Մեցցանո լճից հայտնաբերված թուրն ու մյուս հնագիտական առարկաները հնագետներին նոր տեղեկություններ են տալիս Իտալիայի նախապատմական համայնքների կյանքի մասին, որոնք գոյություն են ունեցել էտրուսկներից և հռոմեացիներից շատ առաջ։ Առաջիկա տարիներին հետազոտողները նախատեսում են շարունակել հուշարձանի ուսումնասիրությունը։

<!—>

Հասանելի է

[—>русский

Թեմա

ՀնագիտությունԲրոնզի դար

Օբյեկտ

Արտեֆակտներ

Տեղադրություն

Իտալիա

Աղբյուրը՝ NEWS.am