Մեծ Մերձավոր Արևելքն առաջիկայում հավակնում է դառնալ աշխարհի ամենաթեժ կենտրոնը․ մեզ անհրաժեշտ է գործընթացներին արձագանքելու և որոշումներ կայացնելու կարողություն․ Արտակ Զաքարյան
Մի քանի օր առաջ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը մտադիր է Մերձավոր Արևելքում կամ նրա շուրջ ստեղծել դաշինքների համակարգ՝ պայմանականորեն այն անվանելով «դաշինքների վեցանկյուն»: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։
«Այդ համակարգում նա թվարկել էր Հնդկաստանը, Հունաստանը, Կիպրոսը, ինչպես նաև առանց անուններ տալու՝ ակնարկել էր որոշ արաբական, աֆրիկյան և ասիական երկրների: Ըստ Իսրայելի վարչապետի, առաջարկվող դաշինքի նպատակն է լինելու տարածաշրջանում հակակշռել արմատական շիական և սուննիական առանցքներին:
Շուրջ երկու ամիս առաջ, Իսրայելի, Կիպրոսի և Հունաստանի ղեկավարների եռակողմ գագաթաժողովում հայտարարվեց Արևելյան Միջերկրական ծովում արագ արձագանքման ուժեր ստեղծելու հնարավորության մասին: Այդ ընթացքում Իսրայելի վարչապետը՝ ակնարկելով տարածաշրջանում թուրքական ազդեցությանը, հայտարարել է, որ «նրանք, ովքեր երազում են կայսրությունը վերականգնելու և մեր հողերը գերիշխելու համար, թող մոռանան դրա մասին»:
Այսօր Հնդկաստանի վարչապետ Նարանդրա Մոդին, պաշտոնական այցով գտնվում է Իսրայելում, որտեղ Կնեսետում ունեցած իր ելույթում հայտարարել է, որ «Հնդկաստանն Իսրայելի կողքին է այսօր և ընդմիշտ»:
Այսօր նաև Պակիստանի Սենատը բանաձև ընդունեց, որով դատապարտեց Իսրայելի առաջարկած «Դաշինքների վեցանկյունը», և Հնդկաստանին որպես գործընկեր ներառումը: Ընդունված բանաձևով Պակիստանն այն անվանել է սպառնալիք Ումմայի (իսլամադավան ժողովրդի հավաքական համայնք) միասնության և ամբողջականության համար։
Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ ստեղծված լարվածությանը զուգահեռ, Մեծ Մերձավոր Արևելքում տեղի են ունենում նաև այլ գործընթացներ, որոնց հիմքում, բացի ռազմավարական, տնտեսական շահերից, ընկած են նաև քաղաքակրթական, պատմական ու կրոնական առանձնահառկությունները:
Իմ կարծիքով, Մեծ Մերձավոր Արևելքն առաջիկայում, հավակնում է դառնալ գլոբալ աշխարհի ամենաթեժ կենտրոնը: Մենք աշխարհագրորեն ոչ միայն սահմանակից ենք, այլ գուցե նաև հանգուցային կարևոր կետերից մեկը: Մեզ անհրաժեշտ է ոսկերչական քաղաքականություն, մինչև վերջ հաշվարկված ու ճշգրիտ հիմնավորված դիրքավորում և ժամանակին համընթաց՝ գործընթացներին արձագանքելու և որոշումներ կայացնելու կարողություն: Ցանկացած պարտադրված քայլ՝ կարող է աշխատել մեր դեմ»,-գրել է նա:
