««Եթե չեք ուզում ընկնել կրակի տակ, հեռացեք ձեր օրրաններից», սա է ադրբեջանցիների մեսիջը, որն ուղղված է արցախահայությանը»․ արցախցի պատգամավոր․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․ «Ի՞նչ ընթացքի մեջ է Բերձորը շրջանցող նոր այլընտրանքային ճանապարհի կառուցումը, եւ դրան զուգահեռ, ո՞ր փուլում է մասնավորապես Բերձորի բնակիչների տեղափոխման գործընթացը: Հաշվի առնելով, որ այն համայնքներում, որտեղ, ըստ նախնականտեղեկությունների, պետք է տեղափոխվեն Բերձորի բնակչությունը, համայնքապետների խոսքերով, այս պահին չկան կոնկրետ հավելյալբնակչությամբ բնակեցնելու համար պայմաններ:

 

Այս եւ թշնամու վերջին օրերի ակտիվության պատճառների մասին զրուցել ենք Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Կարեն Հովհաննիսյանի  հետ, ով նախ նկատեց.

 

— Իսկապես, ճանապարհի շինարարությունը ակտիվ ընթացքի մեջ է, տեղ-տեղ վերջացած է նաեւ ասֆալտապատումը:Սակայն դա չի նշանակում, թե հենց վաղն էլ սկսելու ենք երթեւեկել այդ նոր ճանապարհով, որը շրջանցելու է Բերձոր-Տեղ ճանապարհահատվածը: Իսկ ինչ մնում է բերձորցիների տեղահանելուն եւ նոր բնակավայրեր տեղափոխելուն, այս պահին նմանատիպ որեւէ գործընթաց չկա: Մարդիկ ապրում են Բերձորում եւ զբաղված են իրենց առօրյա հոգսերով, աշխատանքով:

 

— Պարոն Հովհաննիսյան, ինչո՞վ եք պայմանավորում թշնամու ակտիվացումը, ինչի՞ց են անհանգիստ:

— Թշնամու կրակոցները մեր դիրքերի կամ գյուղերի ուղղությամբ կարող է պայմանավորված լինել բազմաթիվ հանգամանքներով: Դրանցից կարող ենք առանձնացնել նաեւ այն միտքը, թե՝ «Հայեր, մենք կրակելու ենք, եթե չեք ուզում ընկնել կրակի տակ, հեռացեք ձեր օրրաններից»: Ենթադրում եմ, որ դա է մեսիջը, որն ուղղված է արցախահայությանը: Ու, բնական է, մենք էլ հակադարձում ենք՝ հուշելով հակառակորդին, որ մենք մեր տանն ենք, եկվորը դուք եք, ու մեր ինքնիշխանությունը եւ ազատ, անկախ ապրելու աստվածատուր պարգեւը ոչ մեկին չենք զիջելու:

— Եվ վերջում՝ ի՞նչ է կատարվում Արցախի ներքաղաքական կյանքում:

— Արցախի ամառային ներքաղաքական կյանքը կարծես թե որոշակի հանգիստ վարքագծի դրսեւորումներ է ցույց տալիս: Բայց իրականում ակտիվ հանդիպումների, դիսկուրսների, ժամացույցի սլաքները ճշտելու աշխատանքներ են տարվում՝ կապված մեծամասամբ ինչպես ՀՀ ներքաղաքական կյանքի ընթացքի, այնպես էլ նոր Սահմանադրության հայեցակարգի ակտիվ քննարկումների եւ մոտակա ժամանակաշրջանում հանրաքվեին պատրաստվելու գործընթացների հետ:

ԱՀ մեկ այլ պատգամավոր՝ Մետաքսե Հակոբյանն էլ այսպես է պատճառաբանում թշնամու ակտիվությունը.

— 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Արցախի ժողովուրդը գիտակցում է, որ անհնար է խաղաղությունից նույնիսկ խոսել, քանի դեռ օկուպացված է մեր հայրենիքի մեծ մասը, իսկ թշնամու հետ շփման գիծն այնքան մոտ է, որ անզեն աչքով կարելի է նրանց տեսնել: Շուտով երկու տարին կլրանա, ինչ քոչվորները իրենց գլխապտույտ «հաղթանակից» հետո յուրաքանչյուր հնարավորություն օգտագործում են ցույց տալու համար, որ իրենք են «տերը» մեր հայրենիքի եւ ագրեսիայի միջոցով փորձում են հայաթափել Արցախի փոքրիկ պատառը եւս: Ալիեւը չի հարգում իր իսկ ստորագրությունը՝ եռակողմ հայտարարության տակ, քանզի որեւէ պայմանավորվածություն այդ տեսակի համար առ ոչինչ է: Բավականին երկար ժամանակ է, ինչ ադրբեջանական կողմը ագրեսիվ է նաեւ ՀՀ սահմանին, մի քանի օր առաջ ակտիվացավ ԱՀ Կարմիր Շուկա եւ Թաղավարդ գյուղերի ուղղությամբ: Ցավով պիտի նշեմ, որ այս վիճակը չի փոխվելու հօգուտ հայի, քանի դեռ բանակցային սեղանի շուրջ հայկական կողմը ներկայացնում են պարտված, ադրբեջանամետ, ոչ ազգային իշխանությունները:

— Իսկ ի՞նչ քաղաքական օրակարգ է այսօր Արցախում:

— Արցախում իշխանությունները եւ ընդդիմությունն Արցախի հիմնախնդրի շուրջ ունեն նույն տեսակետը, նայում են նույն ուղղությամբ եւ ունեն նույն «կարմիր գծերը»: Այսինքն, այն հիմքով, որ Արցախը եղել է, կա ու կմնա հայկական: Մեր բոլորի գործողությունները պետք է բխեն այդ գաղափարից: Կոնկրետ ընդդիմությունը եւ, մասնավորապես, մեր կուսակցությունն իր դիրքորոշումը հայտնել է: Մեր կուսակցության մեջ առաջ լինում էին քննարկումներ, որտեղ ես հակված էի եւ առաջարկում էի, որ այլեւս պետք է հույսը կտրել հայաստանյան իշխանություններից եւ հասկանալ, որ իրենց որեւէ բան ստիպել, պարտադրել, համոզել հնարավոր չէ, պետք է շրջանցել ուղղակի այդ իշխանություններին եւ փորձել ունենալ սեփական դիվանա գիտական հարաբերությունները: Եթե սկզբում դա ֆանտաստիկ եւ անհավանական էր թվում, որովհետեւ անսովոր էր՝ ունենալ հայկական իշխանություն եւ չկարողանալ հայկական իշխանություններով կատարել հայանպաստ քայլեր: Բայց այսօր բոլորս ենք եկել այդ մտքին, որ ոչ թե պետք է վայնասուն բարձրացնենք իրենց ամեն հայտարարությունից կամ քայլից հետո, այլ պետք է ունենանք մեր հստակ գործողությունները եւ երեւի թե ինչ-որ տեղ ուշացել ենք: Ամեն դեպքում, որոշումը կա՝ ինքնակազմակերպվել եւ հստակ գործողություններ կատարել այդ ուղղությամբ: Ասեմ, որ արդեն իսկ մենք փորձում ենք մեկնարկել նման գործողություններ: Շատ չեմ խոսի այդ մասին, բայց հուսով եմ, որ դա մեզ հաջողվելու է, որովհետեւ նստել ու սպասել, որ մի օր մեր ժողովուրդը հասկանալու է, թե ինչ է իր հետ կատարվում, եւ այդ թմբիրից դուրս կգա, գուցե դա լինի, բայց երբ՝ չգիտեմ: Սակայն գիտեմ, որ այդ ընթացքում մենք անընդհատ կորցնելու ենք»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.