Մարտակերտի խաղաղ բնակչի սպանությունն ադրբեջանական իշխանությունների հայատյացության և թշնամանքի շարունակվող պետական քաղաքականության ուղիղ հետևանքն է․ ՀՀ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է այսօր Մարտակերտում տեղի ունեցած դեպքին, երբ խաղաղ բնակիչը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ սպանվել էր ադրբեջանական զինուժի կողմից արձակված կրակոցից։ Գրառման մեջ ասվում է․ 

«Այսօր Արցախի Մարտակերտ քաղաքի 55-ամյա խաղաղ բնակչի սպանությունը ադրբեջանական իշխանությունների հայատյացության և թշնամանքի շարունակվող պետական քաղաքականության ուղիղ հետևանքն է:

Խաղաղ բնակիչ Արամ Տեփնանցը սպանվել է դիպուկահարի կրակոցից նռան այգում աշխատանք կատարելիս: Այս տեղեկությունը հաստատել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը:

 


Ադրբեջանական զինված ուժերի այս հանցավոր արարքը՝ Արցախի հայ խաղաղ բնակչի սպանությունը, նրա կյանքի իրավունքի բացահայտ դիտավորությամբ անօրինական խախտում է:


Այս ողբերգական միջադեպը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հայ բնակչության կյանքի, անվտանգության ու խաղաղ ապրելու, մյուս կենսական իրավունքների երաշխավորում անհնար է ատելության և թշնամանքի ադրբեջանական խորքային քաղաքականության պայմաններում և նաև քանի դեռ նման հանցավոր արարքների համար պատժված չեն դրանք կատարողներն ու հայատյացությունը հովանավորող ադրբեջանական իշխանությունները»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.