Օտարերկրյա ուղղակի ներդրումները 2020 թ․ 138 մլն դոլարով նվազել են․ սա արդյո՞ք համադրելի է մեզ նման զարգացող երկրների հետ․ պատգամավորը՝ էկոնոմիկայի փոխնախարարին

Տարածաշրջանի երկրների օտարերկրյա ուղղակի ներդրումներն ավելի շատ քաղաքական ու տնտեսական ենթատեքստ ունեն։ Եթե իրավիճակը դիտարկենք ընդհանուր միջին երկրներով, Հայաստանը միջինից մի քիչ ավելի վատ է հենց օտարերկրյա ուղղակի ներդրումների տեսանկյունից։ Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում հայտարարեց էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը՝ անդրադառնալով ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանի՝ օտարերկրյա ներդրումների վերաբերյալ հարցին։

 

«Վիճակագրական կոմիտեն հրապարակեց 2020-ի հունվար-դեկտեմբերի օտարերկրյա ներդրումների վերաբերյալ վիճակագրությունը․ հասկանալի է, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ ողջ աշխարհում ներդրումների ներգրավումը նվազել է, մոտավորապես 138 մլն դոլարով ներդրումները նվազել են։ Սա արդյո՞ք համադրելի է մեզ նման զարգացող երկրների հետ»,-հարցրեց պատգամավորը։

Ավանեսյանը նշեց, որ ներկայումս՝ 2019-ից սկսած, ուսումնասիրությունները փաստում են այն մասին, որ հատկապես դեպի զարգացող երկրներ օտարերկրյա ուղղակի ներդրումներն անկման մեջ են, դրանք սկսում են գնալ դեպի զարգացած երկրներ։

 

«Հնարավոր է՝ պանդեմիայի արդյունքում հակառակ պրոցեսն սկսի, ապակենտրոնացման պրոցես լինի, որովհետև պանդեմիան ցույց տվեց, որ կենտրոնացումը դեպի մի քանի երկրներ հատկապես օտարերկրյա ուղղակի ներդրումների ոլորտում բերել է կառուցվածքային խնդիրների։ Մեր նախնական տեղեկություններով՝ այդ ոլորտի բավականին շատ ներդրողներ փնտրում են դիվերսիֆիկացման հնարավորություններ, եթե մենք կարողանանք գնալ դեպի այդ ներդրողները, հնարավոր է՝ օտարերկրյա ներդրողների ներհոսքը, հատկապես դեպի դեղագործության ոլորտ, ավելանա»,-ասաց նա։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.