աշխարհի առաջատար լրատվականների ուշադրության կենտրոնում հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակն է

 

Հուլիսի 12-ին ադրբեջանական կողմը փորձեց հատել Հայաստանի պետական սահմանը՝ Տավուշի կողմից:  2 անհաջող փորձերից հետո ադրբեջանական կողմը հետ շպրտվեց, այնուհետ սկսեց ինտենսիվ հրետանակոծություն հայկական դիրքերի ուղղությամբ, հուլիսի 13-ին իրավիճակը սահմանին շարունակեց էլ ավելի սրվել, 2 կողմերում էլ կան վիրավորներ, պաշտոնական Բաքուն հայտարարել է 4 զոհի մասին, հայկական կողմից զոհեր չեղան, երեկոյան հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն հրետակոծել է նաեւ հայկական խաղաղ բնակավայրեր, եղել են ավերածություններ:

2 օր շարունակ հայկական լրատվադաշտի բոլոր լրատվականների գլխավոր լուրերում հակամարտության մասին տեղեկություններն էին, պարբերաբար թարմացվող լուրերը:

Հայաստանի պետական սահմանի մի մասի երկայնքով ծավալվող ռազմական գործողությունները, ընթացող մարտերն ու պաշտոնական լրատվությունը նաեւ ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է: Թեմային անդրադարձել են աշխարհի գրեթե բոլոր հեղինակավոր պարբերականները՝ մի շարք լեզուներով:

The New York Times-ը գրում է, որ երկուշաբթի հայ-ադրբեջանական սահմանի մի հատվածի երկայնքով իրականացվում են ռազմական գործողություններ, կողմերը մեղադրում են միմյանց իրավիճակի սրացման մեջ, իսկ արդյունքում՝ 2 կողմերում կան վիրավորներ, իսկ ադրբեջանական կողմում՝ զոհված զինծառայողներ: Հրապարակման մեջ հիշեցնում են հայկական ու ադրբեջանական կողմի տարիների  կոնֆլիկտի եւ Ղարաբաղի մասին: Նշվում է, որ կրակոցները սկսվել են կիրակի օրը, այդ օրն էլ զոհվել են 4 ադրբեջանցիներ, եւս մեկը մահացել է ավելի ուշ՝ հոսպիտալում, 2 կողմերն էլ մեղադրում են իրար բախումը սկսելու մեջ:

Aljazeera-ն եւս անդրադարձել է ադրբեջանական կողմի զոհերին՝ նշելով, սակայն ոչ թե 5, այլ 4 զոհի մասին ու հայտնում, որ 2 կողմերն էլ ունեն վիրավոր զինծառայողներ: Լրատվականը մեջբերել է ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքից մի հատված այն մասին, որ «Ադրբեջանի սադրանքներն անպատասխան չեն մնալու»: Մեջբերել է նաեւ ՀՀ Պաշտպանության նախարարի խոսքերն այն մասին, որ «հայկական կողմը համարժեք պատասխան է տալու Ադրբեջանին, այդ թվում՝ դիրքեր գրավելով»:

 Aljazeera-ն անդրադարձել  է նաեւ Ադրբեջանի նախագահի խոսքերին ու Թուրքիայի ԱԳ նախարարության՝ Ադրբեջանին աջակցելու մասին հայտարարությանը: Հոդվածում նշվում է, որ հակամարտության սրացումը կարող է կոնֆլիկտի մեջ ներգրավել նաեւ այլ երկրների՝ ՀՀ դաշնակից Ռուսաստանին ու Ադրբեջանի հովանավոր Թուրքիային:

Associated press գործակալությունը, հայտնելով 2 երկրների սահմանի երկայնքով  ծավալվող գործողությունների մասին, գրում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ չէ, որ բախում են ունենում: Որպես օրինակ, գործակալությունը հիշեցրել է 2016 թվականի ապրիլի քառօրյա պատերազմը: Նշվում է, որ 2 երկրների առաջնորդներն էլ հակառակորդին են մեղադրում սադրանքներ հյուսելու, հրադադարը խախտելու մեջ:

Հոդվածում անդրադարձել են նաեւ Թուրքիային, որը, ինչպես նշվել է,  «էթնիկ եւ մշաշութային կապեր ունի Ադրբեջանի հետ», մեջբերել են ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուի հայտարարությանը, որով նա հայերին կոչ էր անում սթափվել եւ հայտարարում էր, որ «Ադրբեջանը մենակ չէ ու Թուրքիայի իշխանությունը, ժողովուրդը նրա կողքին են ցանկացած պարագայում»: Associated press-ը գրել է նաեւ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության եւ հայտնած մտահոգության մասին:

AP-ի հոդվածը՝ գործակալության հղումով,  հրապարակել են նաեւ The Washington post-ը, The Republic-ը, այլ լրատվականներ:

Reuters միջազգային գործակալությունը, հայտնելով 2 երկրների սահմանային իրավիճակի սրացման մասին, գրում է, որ նախկին սովետական 2 հանրապետությունները  վաղուց են հակամարտում՝ «հիմնականում էթնիկ հայկական շրջան համարվող»  Լեռնային Ղարաբաղի պատճառով, թեպետ այս վերջին բախումը եղել է Ղարաբաղից շատ հեռու հատվածում: Նշվում է, որ ռազմական բախում հրահրելու եւ հրադադարը չպահելու մեջ 2 երկրները մեղադրում են իրար եւ հայտարարում հրետանային հարվածների մասին: Reuters –ը նաեւ գրում է, որ միջազգային հանրությունը անհանգիստ է սառեցված ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության սրացմամբ՝ մասամբ այն պատճառով, որ  անկայունություն է տիրում մի տարածաշրջանում, որը միջանցք է հանդիսանում դեպի միջազգային շուկա նավթ ու գազ մատակարարող խողովակաշարերի համար:

Գործակալության հոդվածը  վերահրապարակել է The Jerusalem post-ը, U.S.News-ը, National post-ը, նաեւ մի շարք այլ լրատվական կայքեր:

Տիրող իրավիճակին անդրադարձել է նաեւ BBC-ն, իսկ առավել ծավալուն՝ BBC-ի ռուսական ծառայությունը: Հոդվածում հրապարակվել են գրեթե նույն տեղեկությունները, ինչ մյուս լրատվականներում՝ 2 երկրների փոխադարձ մեղադրանքների, Պաշտպանության նախարարությունների հայտարարությունների եւ 2 գերատեսչությունների խոսնակների հրապարակած տեղեկությունների, Լեռնային Ղարաբաղի բազմամյա հակամարտության մասին: Նշվում է, որ Ադրբեջանը մեղադրել է հայկական կողմին ադրբեջանական Աղդամ գյուղը հրետակոծելու համար, Աղդամի վարչական ղեկավարն էլ գործակալությանը հայտնել է, որ գյուղում կրակոցների ձաներ լսվելու հետեւանքով  խուճապային իրավիճակ է ստեղծվել:

Հայ-ադրբեջանական սահմանի՝ Տավուշի մի մասի  երկայնքով ծավալվող ռազմական գործողությունները պարբերաբար ակտիվ լուսաբանվել են նաեւ թուրքական մամուլում, բնականաբար՝ հայկական կողմին ուղղված մեղադրանքներով, սպառնալիքներով, սադրանքներով եւ ադրբեջանական կողմի մասին պաշտպանական տեքստերով:

Իրավիճակին ակտիվ անդրադարձ է եղել վրացական, ռուսական, արաբական լրատվամիջոցներում, աշխարհի տարբեր հատվածների բազմաթիվ այլ լրատվական կայքերումու պարբերականներում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.