Միջադեպ Գրողների միության շենքի մոտ․ հնչել է կրակոց

Երևանում հունիսի 20-ին միջադեպ է տեղի ունեցել, որն ուղեկցվել է կրակոցներով։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` ժամը 18։00-ի սահմանում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայում՝ Գրողների միության շենքի մոտ, կրակոց է հնչել։

 

Մինչ ոստիկանները տեղում փորձել են պարզել դեպքի հանգամանքները, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել Արաբկիրի ոստիկանություն, որ «այտային շրջանում և ձախ աչքի վերին կոպի պատռվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ Կարեն Ղ-ն է, և նա Գրողների միության մոտ հնչած կրակոցի հետևանքով է վնասվածք ստացել։ Թիվ 1 համալսարանական հիվանդանոցում առաջին անհրաժեշտության բուժօգնություն ստանալուց հետո նա «ձախ աչքի վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է Մալայանի անվան ակնաբուժական կլինիկա։

 

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարզել են, որ Կարեն Ղ-ի հետ Բաղրամյան պողոտայում՝ Գրողների միության մոտ, վիճաբանել է Կոտայքի մարզի բնակիչ Դենիս Ա-ն, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած ատրճանակով կրակել է Կարեն Ղ-ին՝ պատճառելով վնասվածք։

Կայքի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 22-ին, Դենիս Ա-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.