Դանակահարություն Գեղարքունիքի մարզում. բենզալցակայանում ԱՁ 30-ամյա տնօրենը վիճաբանության ժամանակ դանակի մի քանի հարված է հասցրել 28-ամյա երիտասարդին

Երեկ՝ հունիսի 18-ին, դանակահարություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։40-ի սահմաններում «Մարտունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած, ծակած վերք, գլխի շրջանի բազմակի կտրած, արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավորությամբ։

 

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Մարտունի քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Սիմոն Ա-ն է։ Բժիշկները հիվանդանոցում հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ։

Մինչ բժիշկները վիրավորին անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում, Մարտունու ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 21։30-ի սահմաններում Մարտունի քաղաքի Կամոյի փողոցի 23 հասցեում գործող բենզալցակայանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել վիրավորի և Մարտունի քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Արման Ա-ի միջև, որի ժամանակ էլ վերջինս դանակով հարվածներ է հասցրել Սիմոն Ա-ին։

Ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում Արման Ա-ն ներկայացել է ոստիկանության Մարտունու բաժին, ինչպես նաև ներկայացրել հանցագործության գործիք հադիսացող դանակը։

Փաստի առթիվ ոստիկանության Մարտունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արման Ա-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է «Արման Աթոյան» ԱՁ տնօրեն, ով հետաքննիչի որոշմամբ բաց է թողնվել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.