Բաժին : Իրադարձային
«Հակաճգնաժամային միջոցառումների կարևոր բաղադրիչ պետք է լինի մարդկանց հեռանկարներ ցույց տալը». վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումների վերաբերյալ:
Այնուհետև անդրադարձ է եղել ներդրումային քաղաքականության խթանման նպատակով մշակված միջոցառումների նախագծերին: Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են պետություն-մասնավոր գործընկերությամբ ներդրումային ծրագրերի իրականացման մեխանիզմներին, երաշխիքային և ռիսկայնության գնահատման գործիքներին, կապիտալի շուկաների զարգացման հեռանկարներին վերաբերող հարցերը և այդ առնչությամբ ներկայացված գաղափարները:
Վարչապետը նշել է, որ ներկա իրավիճակում ներդրումային քաղաքականության խթանման միջոցառումները պետք է դիտարկել երկարաժամկետ արդյունք ապահովելու կտրվածքով: «Այդ ծրագրերը պետք է միտված լինեն ոչ միայն ներդրողին խրախուսելուն, այլև տնտեսական աճին, ենթակառուցվածքների զարգացմանը, բիզնես մտածողության փոփոխությանը: Հակաճգնաժամային միջոցառումների կարևոր բաղադրիչ պետք է լինի մարդկանց հեռանկարներ ցույց տալը, ներկայացնելը, թե ինչ հնարավորություններ կարող են ստեղծվել», — նկատել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է լրամշակել նախագիծը՝ հաշվի առնելով հնչած առաջարկները և ներկայացնել քննարկման:
Խորհրդակցությանը քննարկման առարկա են դարձել նաև պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացմանը միտված գաղափարները: