Այսօր Արցախի հերոս Վլադիմիր Բալայանի ծննդյան օրն է

Այսօր Արցախի հերոս Վլադիմիր Բալայանի ծննդյան օրն է. նա կդառնար 62 տարեկան:

Վլադիմիր Բալայանը ծնվել է 1958 թվականին, Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղում: Նախնական կրթությունը ստացել է Աղաբեկալինջի տարրական դպրոցում, իսկ միջնակարգը՝ Ներքին Հոռաթաղում։ Մարտակերտի խմբագրությունում աշխատել է որպես տպագրիչ։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո ընդունվել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումը, որն ավարտել է 1983 թ. և աշխատանքի անցել հայրենի գյուղի տնտեսությունում՝ որպես գյուղատնտես։ 1985 թ. աշխատել է Մարտակերտի անտառտնտեսությունում։

Երբ Ղարաբաղյան շարժման խաղաղ ցույցերին փոխարինեց զինված պայքարը, Վլադիմիրը առաջին գծում էր՝ որպես ջոկատի հրամանատար։ Եղել է «Ազատագրական բանակ»-ի «Արցախի ճակատ»-ի հրամանատարը։ Մասնակցել է Բուզլուխի, Մանաշիդի, Էրքեջի, Ղարաչինարի, Իմ. Քերվենդի, Ծամձորի, Տողի, Աղդաբանի, Մարաղայի, Սրխավենդի, Օրթափայայի, Բաշ-Գյունեփայայի, Մանիքլուի պաշտպանական ու ազատագրական մարտերին։ Միայն 2 անգամ իր ջոկատով մասնակցել է Մարտակերտի ազատագրմանը։

Զոհվել է 1992 թ.-ի հունիսի 9-ին Չայլու գյուղի խրամատներում։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և «Արիության համար» մեդալով։ 2019 թ.-ի օգոստոսի 31-ին Արցախի Հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձի կապակցությամբ պաշտպանության կազմակերպման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Վլադիմիր Բալայանին հետմահու շնորհվել է Արցախի հերոս բարձրագույն կոչում՝ պարգևատրվելով «Ոսկե արծիվ» շքանշանով:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.