Ադրբեջանն իր հասարակությանը փորձում է պատրաստել պատերազմի. Արցախի ՄԻՊ

«Ադրբեջանը գնալով ավելի ու ավելի քիչ է պատրաստվում խաղաղության, հակառակը՝ և սպառազինության առումով, և հայատյացության քաղաքականության  ամրապնդման առումով»,- ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, փոխանցում է Panorama.am-ի:

Նա նշեց, որ Ադրբեջանն իր հասարակությանը փորձում է պատրաստել պատերազմի:

«Իհարկե, դա չի նշանակում, որ պատերազմ միանշանակ լինելու է, դա կախված է  մեր հզորությունից, Հայաստանի, հայության և տնտեսական, և անվտանգային հզորությունից: Որքանով  հզոր լինենք, այնքանով պատերազմը կանխված կլինի»,- ասաց Արտակ Բեգլարյանը:

Բեգլարյանն  ընդգծեց, որ Ադրբեջանն ակնհայտորեն չի ցանկանում խաղաղության գնալ, ինչը նշանակում է, որ հակամարտությունը երկար է տևելու:

«Առնվազն այս ստատուս քվոն կամ սառը պատերազմը երկար է տևելու և մի օր, հուսամ, Ադրբեջանի  հասարակությունը հասկանալու է, որ իրենց և բոլորի շահերից է բխում հարևանություն անել, երկխոսություն ունենալ, պատմության աչքերին ուղիղ  նայել  և ընդունել սեփական սխալները:  Այդ դեպքում մենք համատեղ կարող ենք ապրել այս տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղության պայմաններում»,- ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.