Ավտոտնակներում հրդեհ է բռնկվել, վնասվել են ավտոմեքենաներ

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։50-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Աթոյան անցուղի 14 շենքի բակում գտնվող ավտոտնակներում հրդեհ է բռնկվել։

Հրշեջ-փրկարարները քաղաքացիների հետ համատեղ նշված ավտոտնակներից դուրս են բերել 2 ավտոմեքենա, որոնք կրակի հետևանքով լուրջ վնասվել են, և մարել են 3 ավտոտնակներում առաջացած հրդեհը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արսեն Սարգսյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վնասվել են Mazda մակնիշի 66 OD 909 համարանիշի և Subaru մակնիշի 35 ՍA 123 համարանիշի ավտոմեքենաները։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության ներկայացուցիչները, ովքեր ժամանակավորապես հոսանքազրկել են նշված ավտոտնակները, որպեսզի հրշեջ-փրկարարները կարողանան անվտանգ կատարել հրդեհաշիջման աշխատանքներ։ Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է ավտոտնակների և ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը, ինչպես նաև՝ ինչ հանգամանքներում է հրդեհը բռնկվել։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.