Իրականացվում է բարոյական, հոգեբանական ճնշում.Անժելա Թովմասյան

Երկրում արդեն իրավական ոչինչ չի գործում, իրենք իրենց գործողություններով դա են ցույց տալիս։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Հայելի» մամուլի ակումբի ղեկավար և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի քույր Անժելա Թովմասյանը՝ մեկնաբանելով Հ.Թովմասյանի վերաբերյալ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործը։

«Իրավական ամեն ինչ փոխանցվել է բոլորովին այլ հարթություն։ Այդ հարթությունը կոչվում է՝ փողոց, Նիկոլի հեղափոխություն, չգիտեմ՝ ինչ է կոչվում։ Այսօր էլ գնացել են մեր հայրական տուն։ Արդեն այս ամեն ինչը գնում է դեպի բարոյական, հոգեբանական ճնշում»,- ասաց Անժելա Թովմասյանը։

Ըստ նրա՝ այցելելով իր հայրական տուն ԱԱԾ քննիչները երեւի «մտածում էին, որ այդտեղ պետք է ինչ-որ դղյակ տեսնեին, բայց այդտեղ տեսան շատ սովորական առանձնատուն և ոչինչ չունեին ասելու»։ Ընդամենը հարցրել են՝ տանիքը երբ է փոխվել։ Այսինքն՝ իրենք էլ են արդեն հայտնվում շատ անհարմար և ծիծաղելի իրավիճակում։ Ի՞նչ անեն։ Նորի՞ց նման քայլերի գնան։ Եթե իրենց թվում է, որ դա ճանապարհ է՝ թող գնան, ի՞նչ կարող եմ ասել»։

Հարցին, թե արդյո՞ք կա իրավապահ մարմիններին դիմելու անհրաժեշտություն Անժելա Թովմասյանն ասաց. «Ո՞ր իրավապահ մարմիններին։ Դատաիրավական համակարգի բարձրագույն դատական մարմնի նախագահի՝ ՍԴ նախագահի և ՍԴ անդամների նկատմամբ է այս ամենը կատարվում, ո՞վ պետք է պաշտպանի»։

Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ իրավական որևէ հարթության մեջ պայքար այսօրվա իշխանությունները փորձում են բացառել։


Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.