Անորոշությունը մեծանում է. նոր ՇՄԱԳ չի՞ լինի

«Պետք է լինի այնպես, որ Հայաստանի Հանրապետոթյունը վնաս չկրի՝ թե՛ բնապահպանական առումով, թե՛ մնացած բոլոր առումներով: Մեզ համար որևիցե խնդիր չկա թե՛ Ամուլսարն աշխատացնելու, թե՛ Ամուլսարը չաշխատացնելու, եթե դա կապված է Հայաստանի Հանրապետության շահի հետ»,-այս մասին հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ դուրս գալով ՔՊ նիստից, ուր, ինչպես ասել է Սիմոնյանը, քննարկման առարկա է եղել բացառապես Ամուլսաի հարցը:

Նախօրեին Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն «Ազատություն» ռ/կ-ի հետ առանձնազրույցում պատասխանելով հարցին՝ նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն կա՞, թե՞ ոչ, ասել է.«Եթե նման բան պարզ դառնար, մենք անպայման կհաղորդեինք հանրությանը: Բնականաբար, քննարկումն ավարտված չլինելու պատճառով է, որ ես այս պահին չեմ կարող վերջնական պատասխան տալ»:

Ավելի վաղ Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը հերքել էր Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի աշխատանքից ազատման մասին լրատվամիջոցների հաղորդումները. Իվանյանն աշխատանքից ազատման դիմում չի գրել, շարունակում է պաշտոնավարել, իսկ ծառայողական քննությունը շարունակվում է, ու քննության ավարտից հետո կկայացվի որոշում:

Տեսակապի միջոցով կառավարությունում անցկացված քննարկումից հետո թվում էր՝ հարցը գրեթե լուծված է ու լուծված է բնավ ոչ «Լիդիանի» օգտին. չորրորդ ՇՄԱԳ-ն անխուսափելի էր թվում ու հիմա էլ, ըստ էության, դրա հնարավորոթյունը ոչ ոք չի հերքում:

Հարցեր են առաջանում, սակայն, այն վարքագծի հետ կապված, որն այժմ դրսևորում է Կառավարությունը և որն ուղեկցվում է բավական ուշագրավ հայտարարություններով, որոնցից տպավորություն է ստեղծվում, որ ոչինչ էլ դեռ որոշված չէ: Միևնույն ժամանակ թե՛ Ալեն Սիմոնյանի, թե՛ Կարապետյանի խոսքերից կարելի է եզրակացնել, որ իշխանությունները չեն բացառում Ամուլսարի շահագործման օգտին որոշման կայացումը նույնիսկ առանց չորրորդ անգամ ՇՄԱԳ իրականացնելու:

Միևնույն ժամանակ հարկ է  նկատել, որ Ամուլսարի խնդրի սառեցումը, որին, ըստ էության, ձգտում են իշխանությունները, և որի մասին են վկայում վերոհիշյալ հայտարարությունները, չի կարող տևել հավերժ: Խնդրի վերաբեյալ պետք է միահամուռ ու երկաթյա որոշում կայացվի, որպեսզի «Լիդիանն» էլ իր անելիքն իմանա: Սա բազմամիլիոնանոց բիզնես  է, իսկ բիզնեսն երկար սպասել չի սիրում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.