Շիշկինի ստվերը. ի՞նչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում

Մինչ Շավարշ Քոչարյանը բարձաձայնում է  Ռուսաստանում հայ վարորդների նկատմամբ դրսևորվող խտրական վերաբերմունքի մասին, իսկ ՌԴ-ում ՀՀ դեսպանը Երևանում հերքում է Մոսկվայի կողմից Միհրան Պողոսյանին չարտահանձնելու մասին տեղեկությունները՝ վերջինիս շուրջ ստեղծված իրավիճակը բացատրելով այն հանգամանքով, որ ՌԴ դատախազությունը ՀՀ-ից արտահանձնելու անհրաժեշտությունը հիմնավորող լրացուցիչ փաստաթղթեր է պահանջել, Ռուսաստանցի հասարակական-քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այն մասին, որ Հայաստանն իրեն տրամադրել է փախստականի կարգավիճակ որպես քաղաքական գործչի՝ միաժամանակ շնորհակալություն  հայտնելով Հայաստանին նման որոշման համար:

Շիշկինն, ով աջ արմատական քաղաքական գործիչ է  Ռուսաստանում, բավական սկանդալային հետագիծ ունի. մասնակցել է Յանուկովիչի դեմ բողոքի ցույցերին, մայդանյան հեղափոխությանը, բողոքել է ընդդեմ Էրդողանի, Նազարբաևի, Պուտինի,ինչպես նաև 2011թ-ին մասնակցել է Սերժ Սարգսյանի դեմ հանրահավաքներին և այլն:

Տեղեկությունն, ըստ էության, ո՛չ հերքվել, ո՛չ էլ հաստատվել է հայաստանյան պաշտոնական շրջանակների կողմից, ինչը, թերևս, է՛լ ավելի մեծ խորհրդավորություն է հաղորդում Շիշկինի ֆեյսբուքյան գրառմանը:

Եթե իսկապես Շիշկինի գրածը համապատասխանում է  իրականությանն, իսկ ամենայն հավանականությամբ նա չի ստում, ապա բավական ուշագրավ պատկերի ենք ականատես դառնում. Պուտինի սպասվող երևանյան այցից առաջ Երևանն ընդառաջում է մի գործչի, ով սեփական հայրենիքում ընկալվում է որպես Արևմուտքի շահերը սպասարկող ծայրահեղական գործիչ:

Ինչպե՞ս կընկալվի Մոսկվայում Երևանի այս քայլն, արդյոք նույն Տողանյանի՝ Միհրան Պողոսյանի մասին արած հայտարարությունները, որոնցով նա, ըստ էության, փորձում է արդարացնել Մոսկվայի պահվածքը, կարո՞ղ են համարվել հայ-ռուսական հարաբերոթյուններում լատենտ բնույթ կրող որոշակի պրոցեսների մասին վկայող տարր: Ի դեպ՝ նույն Տողանյանը, մեկնաբանելով Քոչարյանի ծննդյան օրվա առթիվ Պուտինի հղած շնորհավորանքն, Երևանում հայտարարել է, որ Պուտինի` Քոչարյանին ուղղված շնորհավորանքում որևէ արտառոց բան չկա:

Հարցին` հնարավո՞ր է, որ պաշտոնական Կրեմլի շնորհավորանքը դիտվի որպես աջակցություն՝ Քոչարյանին, դեսպանը բացասական պատասխան է տվել՝ հայտարարելով. «Ո՛չ, չի կարող, քանի որ դա Հայաստանի ներքին հարցն է. չի կարող խոսք լինել Հայաստանի ներքին գործերում Ռուսաստանի խառնվելու փորձերի մասին»:

Ակնհայտ է, որ ինչ-որ բան է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում՝ հաշվի առնելով հատկապես այն, որ հայկական ԶԼՄ-ներին հարցարզույցներ տված ռուս քաղաքական վերլուծաբաններից շատերը վերջին շրջանում սկսել են կասկածի տակ առնել Պուտնի երևանյան այցի հնարավորությունը:

Թե որքանով են նմանօրինակ կանխատեսումները ճշգրիտ, իհարկե, պարզ կդառնա կարճ ժամանակ անց, բայց այն, որ այդ այցին նախորդող ազդանշանները վկայում են որոշակի լարվածության մասին, ակնհայտ է, ինչը նշանակում է, որ կողմերից մեկն, իսկ այս դեպքում Հայաստանը, որոշակի ակնկալիքներ ունի, որոնք, սակայն, կարող են չբավարարվել:

Դրանք վերաբերում են Քոչարյան-Ռուսաստան հարաբերություններին, թե՞ խնդիրների շրջանակն ավելի լայն է՝ բազմաշերտ, շատերի համար նույնիսկ անտեսանելի:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.