Կարևոր ազդակ՝ ԱՄՆ-ից. հայ-ամերիկյան հարաբերությունները կաշխուժանա՞ն

Հայտնի է դարձել, որ ԱՄՆ վարչակազմը որոշում է կայացրել վերականգնել ֆինանսավորումը 2019 թ. արտաքին օգնության ծրագրերի վերաբերյալ, ներառյալ ընթացիկ տարվա Հայաստանի համար նախատեսված ամերիկյան օժանդակությունը:

Դրա արդյունքում կֆինանսավորվեն 2019 թվականի համար հաստատված արտաքին օգնության ծրագրերը, ներառյալ ընթացիկ տարվա Հայաստանի համար նախատեսված ամերիկյան օգնությունը:

Ինչ վերաբերվում է 2020 թվականի ամերիկյան օգնության հատկացումներին, ներառյալ Հայաստանին ու հայկական ծրագրերին, ապա այս ուղղությամբ քննարկումները կշարունակվեն ԱՄՆ Սենատում սեպտեմբեր ամսին, երբ ԱՄՆ Կոնգրեսը վերադառնա արձակուրդից: Դա վերաբերում է նաև Հայաստանին հավելյալ 40 միլիոն դոլարի հատկացման օրինագծի փոփոխությանն ու Լեռնային Ղարաբաղի ականազերծման ծրագրին:

Ամերիկյան իշխանությունների որոշումը բավական ուշագրավ է ու կարևոր ոչ միայն այն պատճառով, որ դրա արդյուքնում Հայաստանը ռեալ հնարավորություն է ձեռք բերում՝ նյութական դիվիդենտներ քաղելու, ներքին զարգացումն արագացնելու, այլև այն բանի շնորհիվ, որ հայ-ամերիկյան հարաբերություններն են իրենց ամբողջության մեջ նոր իմպուլս ստանում:

Ընդ որում՝ նկատենք, որ ամերիկյան վարչակազմի որոշումը բավական խորհրդանշական կերպով ժամանակային իմաստով համընկնում է Հայաստանում Ամուլսարի հանքի խնդրի շուրջ ընթացող բուռն պրոցեսների հետ: Ճիշտ է՝ դժվար է ուղիղ կապ տեսնել Թրամփի վարչակազմի որոշման ու Ամուլսարի խնդրի միջև, քանի որ խոսքը միայն Հայաստանին տրամադրվելիք օգնության մասին չէ, սակայն որոշակի խորհրդանշականություն այս ամենում, այնուամենայնիվ, առկա է:

Առաջիկայում սպասվում է վարչապետ Փաշինյանի այցն՝ ԱՄՆ: Կարելի՞ է  ամերիկյան իշխանությունների վերոհիշյալ որոշումը որպես դրական ազդակ ընկալել վարչապետի՝ ԱՄՆ կատարելիք այցին ընդառաջ նույնիսկ այն դեպքում, երբ թվում է՝ որոշման հատուկ թիրախ, ի դեմս Հայաստանի, ամերիկյան իշխանությունները չեն ընտրել, այլ ընդամենը վերանայման են ենթարկել սեփական քաղաքականությունը աշխարհի մի մասը ներկայացնող երկրների հետ:

Վարչապետի ամերիկյան այցն, իհարկե, կարևոր իրադարձություն է լինելու Հայաստանի համար, և հույս կա, որ կոնկրետ Ամուլսարի հարցի կարգավորումը, որում իրենց շահագրգռվածությունը մեկ անգամ չէ, որ հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանները, դրական ֆոն կապահովի հայ-ամերիկյան հարաբերություններում՝ ստեղծելով բարենպաստ միջավայր՝ երկրու երկրների միջև խորացնելու այդ թվում նաև տնտեսական հարաբերություններն, ինչից Հայաստանը միմիայն շահելու է, մեծանալու է արտաքին ներդրումներ ներգրավելու հնարավորությունը՝ ՀՀ տնտեսության համար դրանից բխող բոլոր նոր հնարավորություններով:

 

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.