«Լիդիանը» քննչական կոմիտեին է ներկայացրել փորձաքննությանն առնչվող իր պատասխանները

«Լիդիան Արմենիան» քննչական կոմիտեին է ներկայացրել բնապահպանական փորձաքննության եզրակացության մեջ տեղ գտած առաջարկների վերաբերյալ իր պատասխանները։ Այս մասին տեղեկանում ենք ընկերության Facebook սոցիալական ցանցի էջից։

«Փորձաքննության եզրակացությունը հաստատեց շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ «Լիդիանի» խիստ զգուշավոր մոտեցումը: «Լիդիանի» պատասխանները եզրակացության մեջ տեղ գտած առաջարկություններին արդեն իսկ վկայում են շրջակա միջավայրի նկատմամբ ընկերության պատասխանատու վերաբերմունքի մասին»,–ասել է «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Սելլերսը։

Նրա խոսքով` շրջակա միջավայրի պահպանության՝ «Լիդիանի» միջոցառումները համապատասխանում և հաճախ նույնիսկ գերազանցում են միջազգային բոլոր կիրառվող չափանիշները։ Ըստ նրա` դրանք արդեն իսկ գնահատվել և հաստատվել էին շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման շրջանակներում, ինչի հիման վրա ընկերությունը ստացել է ընդերքօգտագործման թույլտվությունները:

Սելլերսը նշում է, որ «Լիդիանը» տրամադրել է փորձաքննության շրջանակներում իրենից պահանջված ցանկացած տեղեկատվություն և տրամադրված տեղեկատվությունն ավելի քան բավարար էր, որպեսզի փորձաքննության եզրակացության հեղինակները կարողանային մասնագիտական եզրահանգումներ կատարել:

 

Օգոստոսի 14–ին քննչական կոմիտեն հայտարարել էր, որ Ամուլսարի փորձագիտական եզրակացությունը ստանալուց հետո քննչական խումբը եկել է այն եզրակացության, որ քրեական հետապնդման հիմքեր չկան։



Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.