Հակակակոռուպցիոն օպերացիա՝ ՊԵԿ-ում. ինչի՞ դեմ է բողոքում Հայկ Ֆարմանյանը

Ինչպես հայտնի է, այս տարվա փետրվարի 11-ին  պաշտոնանկ արված «Զվարթնոցի» (Արևմտյան) մաքսատան փաստաթղթային հսկողության բաժնի պետ Հայկ Ֆարմանյանը, յուրատեսակ արկածախնդրություն դրսևորելով, ՊԵԿ նախագահի դեմ դատական հայց է ներակայացրել. մաքսավորն իր ազատման հիմքերը անօրինական է համարում, պահանջում է վերացնել հիմքերը, վերականգնել իրեն աշխատանքի և փոխհատուցել հարկադիր պարապուրդում եղած ողջ ժամանակահատվածի համար, և սա այն դեպքում, երբ որևիցե իրական իրավախախտում նրա նկատմամբ տեղի չի ունեցել. կառուցվածքային փոփոխություններով նրան նախապես՝  2 ամիս առաջ, ըստ համապատասխան ընթացակարգի ծանուցվել էր որոշման մասին:

Իհարկե, դատարան դիմելու իրավունք ունեն բոլորը, և այդ անել ոչ ոքի չես կարող խանգարել կամ օրինական միջոցներով ստիպել հետ կանգնել որոշումից, սակայն այս պարագայում հարկավոր է նախ պարզել, թե իրականում ով է, ինչ արմատներ ունի արդարության ծարավ դարձած երկարամյա ՊԵԿ այս աշխատակիցը:

Միանգամից նշենք, որ սա 90-կաններին «Արդշինբանկի» կառավարիչ աշխատած ու յուրացումների համար դատապարտված, դատված Լևոն Ֆարմանյանի զավակն է:

 

Ի դեպ՝ Ֆարմանյանը նաև հանդիսանում է Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, տարիներ առաջ ՃՈ բենզինի գործով դատապարտված ու Հայաստանի անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ նախագահի առաջարկով հայտարարված համաներմամբ «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից  2013-ի օգստոսին ազատ արձակված
Մարգար Օհանյանի փեսան:

Բավական կասկածելի կյանքի ուղի անցած հարազատներով շրջապատված Ֆարմանյանի աշխատանքային ուղին ևս բավական «խոսուն» է. սա եղել է նախորդ՝ թալանի համակարգի կարևոր հաճախորդներից մեկը:

Ֆարմանյանն այնքան սիրելի է եղել նախկիններին, որ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի օրոք և բացառապես հանուն Հայկ Ֆարմանյանի ձևակերպման ու բաց թողնման բաժինները միաձուլել են ու հանձնել Ֆարմանյանի «խնամատարությանը»: Իսկ թե կոնկրետ ինչպես է «խնամել» վարչությունը Ֆարմանյանը, երկար-բարակ նկարագրել, կարծում ենք, հարկավոր չէ. լինելով թալանի համակարգի հարազատ զավակը՝ Ֆարմանյանն ամեն ինչ արել է շեֆության մոտ արդարացնելու իր հետ կապվող բոլոր հույսերը:

Միաժամանակ հարկ է նշել նաև, որ Ֆարմանյանին է պատկանում «Զվարթնոց» օդանավակայանի կարգո տերմինալում գտնվող «Արդշինբրոկ» բրոկերական կազմակերպությունը (ժամանակին անձամբ է հանդիսացել կազմակերպության  տնօրենն, իսկ այժմ հարազատ մորեղբայրն է գլխավորում զարմիկի «ֆիրման»), որի աշխատանքի «արդյունավետության» բարձրացման հարցում բարձրաստիճան մաքսավորը ոչինչ չի խնայել՝ բոլոր միջոցներով «կլիենտներին» ուղղորդելով սեփական կազմակերպության դուռը:

Հիմա հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող է, ի՞նչ բարոյական իրավունքով է, որ Ֆարմանյան Հայկը որոշել է, այսպես ասած, դատի տալ Դավիթ Անանյանին:  ՊԵԿ-ում, պայմանավորված երկրում իրավիճակի արմատական փոփոխությամբ, այժմ միանգամայն այլ տրամաբանություն ու սկզբունքներ են իշխում. այնտեղ այլևս չեն հանդուրժվում ո՛չ թալանը, ո՛չ էլ դրա հետ երբևիցե սերտ  կապեր ունեցած անձինք: Փոխարենը համապատասխան հետևություններ անելու,  ՊԵԿ-ում արած սեփական կարիերան վերաարժևորելու՝ Ֆարմանյանը, փաստորեն, որոշել է «ձեռնոց նետել» համակարգը խելքի բերել փորձող Անանյանին՝ դատարանից պահանջելով իբր սեփական ոտնահարված իրավունքների վերականգնում: Տեսնես ի՞նչ երեսով է նա անում դա և, ամենակարևորը, ի՞նչ հույսով, մի՞թե իսկապես կարծում է, որ ինքն այնքան մաքուր ու արդար է, որ կարող է իր «արդարությամբ» անգամ «պատ ծակել», թե՞ հույս ունի ներկայանալ որպես նոր Հայաստանի «անմեղ զոհերից» մեկն, ում նկատմամբ ասենք «վենդետա» են իրականացնում:

Այս «քաղհալածյալն» իրականում չի ցանկանում հասկանալ, որ  իր պաշտոնանկությունը ոչ թե իր նկատմամբ դրսևորված հատուկ վերաբերմունքի հետևանք է, այլ համակարգի բարեփոխումների տրամաբանությունից բխող երևույթ:

Նրա հետ միասին կրճատման տակ են հայտնվել բազմաթիվ այլ մարդիկ, ովքեր, սակայն, կարծես թե չեն շտապում որևէ մեկին դատի տալ կամ իրենք իրենց հռչակել՝ «հեղափոխության զոհ»:

Միանշանակ է՝ Հայկ Ֆարմանյանը դատարանում դատապարտված է ձախողման, քանի որ նրա կողմից ներկայացված բողոքն անհիմն է, իսկ «փաստերը»՝ դատարկ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.