ՀԱԿ-ի բարի խորհուրդը՝ Նիկոլ Փաշինյանին

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի վարչությունը տարածել է հայտաարություն, որում համոզմունք է հայտնվում այն մասին, որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման նպատակահարմարությունը բխում է ՀՀ Սահմանադրությունից:

«Կանանց և տղամարդկանց միջև փաստացի հավասարության խթանումը հանդիսանում է պետության քաղաքականության հիմնական նպատակներից մեկը, ինչն ամրագրված է ՀՀ Սահմանադրության 86-րդ հոդվածով»,-մասնավորապես՝ ասվում է հայտարարության մեջ  ու թյուրընկալում հռչակվում այն տեսակետը, որ կոնվենցիայի վավերացումը պարտադրվում է Եվրոպայի կողմից, դա արվում է ֆինանսական աջակցություն ստանալու ակնկալիքով:

Միևնույն ժամանակ այս ֆոնին բավական ուշագրավ  է ստացվել Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումն, ուր ՀԱԿ-ի ամենաազդեցիկ դեմքերից մեկն իշխանություններին կոչ է արել առնվազը հետաձգել Ստանբուլյան կոնվենցիայի քննարկումը ԱԺ-ում՝ այդ անելու համար բերելով բազմաթիվ պատճառներ:

«Մեզ պետք է ներքին քաղաքական կայունություն և իրական բովանդակալից և ինքնիշխան ժողովրդավարական գործընթաց։ Մեր նպատակը պետք է լինի՝ կենտրոնացնել հանրային բանավեճը Հայաստանի կենսական օրակարգի վրա և արագորեն շարժվել նրանում ընդգրկված խնդիրների լուծման ուղղությամբ»,-մասնավորապես՝ համոզմունք է հայտնել Զուրաբյանը և միաժամանակ մտավախություն հայտնել, որ հապճեպ քայլերը կարող են ունենալ, ըստ էության, քաղաքական տհաճ հետևանքներ։ 

Թե՛ Արդարադատության նախարաության կողմից տարածում ստացած հայտարարությունը, թե՛ Զուրաբյանի նախազգուշական ուղերձը է՛լ ավելի խոսուն խորքեր են ձեռք բերում մամուլում տեղ գտած ամենաթարմ տեղեկության ֆոնին:

«Այս տարվա մայիսի 16-ի որոշմամբ՝ ՀՀ կառավարությունը հաստատել է 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը, և այդ ծրագրում ներկայացված են առաջիկա անելիքները, և ամրագրված են դրանց ժամկետները։

Եվ ահա, այդ նախագծից թերթը տեղեկացել է, որ միջոցառման իրականացման ժամկետ նախանշված է սեպտեմբերի երկրորդ տասնօրյակը»,-կարդում ենք «Ժողովուրդ» օրաթերթի օգոստոսի 6-ի համարում։

Ակնհայտ է, որ Փաշինյանն իսկապես կանգնած է բարդագույն դիլեմայի առաջ՝ հատկապես նկատի ունենալով  արտախորհրդարանական ընդդիմության՝ աշունը թեժ դարձնելու վերաբերյալ խոստումները: Աներկբա է, որ եթե իսկապես իշխանությունները բավարար ճարպկություն չդրսևորեն՝ շրջանցնելու փոսն, ապա հայտնվելու են լրջագույն փորձության առաջ:

Ոչ պակաս ուշագրավ է այս ամենի համատեքստում Զուրաբյանի անթաքույց նախազգուշական ուղերձը՝ Փաշինյանին՝ մեկին, ում ի սկզբանե աջակցել ու թևութիկունք է կագնել նույն ՀԱԿ-ը՝ սկսած հեղափոխության առաջին իսկ օրվանից: Ավելին՝ մի փոքր ուշադիր լինելու դեպքում դժվար չի լինի արձանագրել նաև այն, որ այսօր ՀԱԿ-ի մի շարք կարկառուններ փաստացի կիսում են Փաշինյանի հետ իշխանությունն ու ամեն գնով  սատարում նրան՝ հենց վարչապետի մեջ տեսնելով իրենց գաղափարների ջատագովին, ում հետ ճանապարհ անցնելով՝ կկարողանան իրենց նպաստը բերել Հայաստանի զարգացման գործին:

Զուրաբյանն, իհարկե, քաղաքական դաշտում նորելուկ կամ անփորձ մեկը չէ և շատ լավ հասկանում է, թե ինչպիսի զգայուն իրավիճակի առաջ է Հայաստանը: Ավելին՝ սխալված չենք լինի, եթե համոզմունք հայտնենք, որ Զուրաբյանի բերանով բարբառում է ոչ միայն ողջ ՀԱԿ-ն, այլև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Այսպիսով՝ պետք է արձանագրել, որ իշխանական թիմի ներսում գոյություն ունեցող ճյուղերից ևս մեկը բոյկոտում է Ստամբուլյան կոնվենցիան՝ փաստացի ոչ միայն խտացնելով իշխանության ներսում Ստամբուլյան կոնվենցիային դեմ արտահայտվողների շարքերն, այլև հաղորդելով այդ բողոքին է՛լ ավելի մեծ ազդեցիկություն:

Միաժամանակ դատելով Արդարադատության նախարարության տարածած հայտարարությունից՝ պետք է ֆիքսել, որ այստեղ իսկապես լուրջ են տրամադրված կոնվենցիայի վավերացման հարցում ու նույնիսկ Սահմանադրությունն են սկսել վկայակոչել՝ հիմնավորելու համար  եվրոպական մի շարք ժողովուրդների ապստամբության պատճառ դարձած Ստամբուլյան կոնվենցիայի  ընդունման նպատակահարմարությունը:

Բախումը կարծես անխուսափելի է դառնում, միայն թե հարցն այն է, թե ինչ իրական մասշտաբներ կկրի այն, և կամ վերջնարդյունքն ինչպիսին կլինի:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.