Սասուն Միքայելյանի նախազգուշացումը՝ Նիկոլ Փաշինյանին. վիճակը լուրջ է

Այսօր՝ հուլիսի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Սասուն Միքայելյանը անդրադարձել է իր ու Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի միջև Աբովյանի ընտրություններից հետո ձևավորված հարաբերություններին՝ հանդես գալով բավական ուշագրավ հայտարարություններով:

Միքայելյանը, մասնավորապես, պարզաբանել է աղմկահարույց ՏԻՄ ընտրություններին իր ցուցաբերած չեզոքությունը՝ հիմնավորելով նման կեցվածքը Աբովյանի գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանի հետ իր ունեցած հարաբերությունների բնույթով:

«Ես իրեն ճանաչում եմ 1999 թվականից. ԱԺ պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության հանձնաժողովի փորձագետն է եղել երկար տարիներ: 17-18 տարի եղել է ԱԺ-ում, որից 15 տարին եղել է այդ հանձնաժողովի փորձագետը: Ես ասել եմ, որ պետք չի տանել ցնցումների, հիմա էլ եմ ասում: Ինքը շատ կիրթ, կարգին, նորմալ երիտասարդ է և այն քաղաքապետներից մեկն է, որ բյուջեն գերակատարել է: Այսօր ՀՀ-ում նման բան չի եղել»,-հայտարարել է Սասուն Միքայելյանն ու միաժամանակ հավաստիացրել՝ ինքը ՔՊ-ի թիկունքից չի խփել, որևէ մեկին չի ասել՝ պետք է ընտրեն գործող քաղաքապետին:

«Աբովյանի ընտրություններում ՔՊ-ն պարտվեց հենց Ռոմանոսի պատճառով, որովհետեւ ինքն անձնավորեց իր դերակատարությունը Աբովյանի ընտրություններում: Պլյուս դրան՝ պատկերացրեք, թե ինչ էր կատարվելու, եթե վարչապետը չգնար Աբովյան: Այս շարժման մեջ, իներցիայի տակ, որ ժողովուրդն ինչ-որ հարցի շուրջ ձայն է տալիս, իրենք գիտեն թե դեմք են դարձել կամ մեծ դերակատարություն են ունեցել՝ մեր հայոց պատմության կա՛մ այսօրվա իրողության, կա՛մ թավշյա հեղափոխության հետ կապված: Ռոմանոսն այդպես մի ակտիվ չէր հեղափոխության ժամանակ: Եթե մենք դասեր չքաղենք, թավշյա հեղափոխությունը կդառնա թավշյա հեռացում»,-ասել է Միքայելյանն ու յուրատեսակ հռետորական հարց բարձրացրել՝ եկել են՝ մա՞րդ փոխեն, թե՞ եկել են՝ մարդկանց փոխեն:

Վերջին շրջանում հատկապես մամուլը չի դադարում ահազանգել, որ ՔՊԿ-ի ներսում մի տեսակ վատառողջ խմորումներ են հասունանում: Փաշինյանն ինքն էլ իր հանրային ելույթներում մի քանի անգամ հասցրել է խոսել ներկուսակցական միաբանության կարևորության մասին՝ հենց դա համարելով հեղափոխության անառիկության  կարևոր գրավականներից մեկն, ինչը, թերևս, կարող է վկայել այն մասին, որ խնդիրներ, այնուամենայնիվ, եղել են:

Սասուն Միքայելյանի անձի շուրջ տարաբնույթ խոսակցությունները սկսեցին ակտիվանալ հատկապես ՏԻՄ ընտրություններից հետո, երբ Աբովյանում հաղթանակ տարավ գործող քաղաքապետը: Ավելին՝ այդ խոսակցությունները սկսեցին է՛լ ավելի հեռուն գնալ հատկապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովից հետո. Սասուն Միքայելյանը, շատերի համար անսպասելի կերպով, ՔՊ վարչության նոր կազմում չընդգրկվեց: Մամուլն այդ հանգամանքը շտապեց գնահատել որպես ակնարկ՝ Միքայելյանին անձամբ Փաշինյանից:

Եվ ահա այս ամենի խորապատկերի վրա Սասուն Միքայելյանը անում է հայտարարություններ, որոնք փաստացի հաստատում են մամուլում վերջին շրջանում տեղ գտած լուրերի ու վերլուծությունների իսկությունը:

Սասուն Միքայելյանի հայտարարությունները, սակայն, ուշագրավ են նաև  մեկ այլ տեսանկյունից:

Միքայելյանը Փաշինյանին հիշեցնում է ոչ միայն այն, թե ով ով է, կամ ով որքան արժե, ինչ վաստակի տեր է, այլև փաստացի մեղադրում է վարչապետին իրականության զգացողությունը կորցնելու մեջ՝ վստահություն հայտնելով, որ եթե ամեն բան շարունակվի նույն կերպ, ու արագ հետևություններ չարվեն, ապա «թավշյա հեղափոխությունը կդառնա թավշյա հեռացում»:

Ինչի՞ մեջ է մեղադրում Սասուն Միքայելյանը իշխանություններին, արդյոք նա տեսնո՞ւմ է, պատկերավոր ասած, ՔՊ-ի հանրապետականացման օբյեկտիվ վտանգ, թե՞ ուղղակի փորձում է գույները խտացնել՝ է՛լ ավելի ընդգծելու սեփական նշանակությունը Նիկոլ Փաշինյանի և, առհասրակ, ողջ հեղափոխության համար՝ միաժամանակ հենց Պետրոսյանին մեղադրելով անարդյունավետության մեջ:

Միքայելյանի խոսքերից կարելի է  հետևություն անել, որ իրեն ոմանք սկսել են մեղադրել ոչ միայն օբյեկտիվ չեզոքություն պահպանելու մեջ, այլև հենց այդ չեզոքությամբ պայմանավորել Աբովյանում տեղի ունեցած ընտրությունների՝ ՔՊ-ի համար ոչ հաճելի արդյունքները: Ովքե՞ր են Միքայելյանին մեղադրողներն, արդյոք վարչապետն է՞լ է կիսում որոշ ՔՊ-կանների այն տեսակետը, որ Վահագն Գևորգյանի հաղթանակն արդյունք է եղել Միքայելյանի պասիվության, թե՞ նման պնդումներն առավել լոկալ մակարդակի  են, որոնց նպատակը կարող է լինել Սասուն Միքայելյանի դիրքերի թուլացումը կուսակցության ներսում:

Ամեն դեպքում անվիճելի է, որ որևիցե դժվար իրավիճակ կամ նույնիսկ փորձություն չպետք է դառնա ՔՊ պառակտման պատճատ: Թիմում և՛ ձեռքբերումներն են ընդհանուր, բոլորինը, և՛ կորուստները: Սասուն Միքայելյանն, ըստ էության, հենց սրա մասին է ակնարկում Փաշինյանին՝ հիշեցնելով նրան հեղափոխության կայացման գործում իր ունեցած հսկայական ներդումը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.