Երկու կարևոր որոշում. Փաշինյանն արդարացնում է ժողովրդի սպասելիքները

Հունիսի 27-ի Կառավարության նիստում չափազանց կարևոր որոշումներ են կայացվել. նախ՝ նվազագույն աշխատավարձը 55000-ից բարձրացվել է մինչև 68000 դրամ (փոփոխության  շահառուներ են դառնալու  տասնյակ հազարավոր քաղաքացիներ), ապա՝ ի թիվս առողջապահության ոլորտում արված այլ փոփոխությունների մինչև 18 տարեկան երեխաների հիվանդանոցային բուժումն դարձվել է անվճար:

«0-18 տարեկան երեխաների հիվանդանոցային բուժօգնությունը կդառնա անվճար, 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամները, ժամկետային զինծառայողների ընտանիքի անդամները և հատուկ խմբերում ընդգրկված այլ քաղաքացիների բուժօգնության փաթեթն կընդլայնվի` ընդգրկելով սրտի վիրահատական և նորագույն թանկարժեք այլ տեխնոլոգիաներով կատարվող բժշկական ծառայություններ»,-նշված է նախարարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Կառավարության երկու որոշումներն էլ, ըստ էության, հանդիսանում են յուրատեսակ ինդիկատորներ նախ՝ այն բանի, թե ինչ վիճակում  է  այժմ տնտեսությունն իրականում, ապա՝  թե ինչ տեղ է զբաղեցնում Փաշինյանի օրակարգում ժողովրդի մեծ մասին առավելապես հուզող սոցիալ-տնտեսական խնդիրներին արդյունավետ լուծումներ գտնելու հարցը:

Որոշ ընդդիմախոսներ, անշո՛ւշտ, կարող են հայտարարել, որ, մասնավորապես, նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացումն իրականում ոչինչ չտվող որոշում է և որևիցե էական ազդեցություն չի կարող ունենալ բնակչության առնվազը մի զգալի հատվածի կյանքի որակի վրա, քանի որ այս ընթացքում բավական աճել են մի շարք լայն սպառման ապրանքների գներ:

Ինչ խոսք՝  գնաճ կա, և դա ոչ ոք չի էլ ժխտում, բայց այն, որ  այդ հանգամանքը միմիայն է՛լ ավելի է ընդգծում Կառավարության ընդունած որոշման կարևորությունն ու հրատապությունը, ակնհայտ պետք է լինի նույնիսկ նրանց համար, ովքեր ամեն կերպ ջանում են չտեսնելու տալ երկրում հետհեղափոխական շրջանում տեղի ունեցած կարևոր փոփոխություններն ու առաջընթացը:

Ի՞նչ է, եթե Կառավարությունը նվազագույն աշխատավարձի շեմը զգալիորեն չբարձրացներ, դրանից գներն անկո՞ւմ էին ապրելու, նույն մսի գինը դառնալու էր  կիլոգրամը՝ 1000 դրա՞մ…

Ինֆլյացիան տնտեսության մեջ, ըստ էության, բնականոն, իսկ որոշ դեպքերում էլ անխուսափելի երևույթ է: Հետևաբար՝ խնդիրն այստեղ ոչ այնքան գնաճն է, որքան այդ գնաճի բացասական ազդեցությունը հատկապես խոցելի խավերի կյանքում չեզոքացնելու Կառավարության կամքը: Ավելին՝ կասկած չկա, որ տնտեսության մեջ նկատվող դրական դինամիկայի շնորհիվ (այդ իմաստով բավական ուշագրավ էր Կառավարության նիստում Փաշինյանի բարձրաձայնած վիճակագրությունը) նմանօրինակ բարձրացումները չեն կրելու եզակի բնույթ:

Ինչ վերաբերում է առողջապահական ոլորտին առնչվող որոշումներին, որոնց նպատակով հատկացվելու է 12 մլրդ դրամը գերազանցող գումար, ապա այստեղ նույնպես գործ ունենք նպատակամիտված քաղաքականության հետ՝ թեթևացնելու, կիսելու հատկապես խոցելի վիճակում հայտնված սոցիալական խմբերի, երիտասարդ ընտանիքների հոգսերը, առողջապահությանն իսկապես հաղորդելու սոցիալական բնույթ. այն չպետք է վերածվի  փող աշխատելու պարզ միջոցի, երբ որակյալ բուժօգնություն ստանալու հնարավորություն են ունենում բացառապես ապահովվածները, «փողին փող չասողները»:

Հատկապես ռևանշի ձգտող հայտնի ուժերի որոշ խոսնակների կողմից հատկապես վերջին շրջանում հաճախ են հնչում մերկապարանոց հայտարարություններ, թե  այժմ իշխանությունների նկատմամբ հասարակական վստահության մակարդակն իբր էապես  նվազել է, և որ էյֆորիայի բումից հետո  մարդիկ իբր սկսել են ավելի հոռետեսաբար վերաբերվել Փաշինյանի նախաձեռնություններին: Իհարկե,  կասկածից վեր է, որ նմանօրինակ ծայրահեղական գնահատականները չեն կարող լուրջ ընդունվել, և այստեղ անզեն աչքով էլ տեսանելի է քաղաքական մանիպուլյացիաների դիմելու ոմանց բուռն ցանկությունը, որ նպատակ ունեն իբր Կառավաության սխալների հաշվին քաղաքական դիվիդենտներ կուտակել: Միևնույն ժամանակ անհերքելի է նաև այն, որ քաղաքական տեսանկյունից իշխանությունների դիրքերի ամրապնդման հարցում չափազանց մեծ է հենց սոցիալական նշանակության որոշումների կայացման ու համապատասխան ոլորտներում սկիզբ առած բարեփոխումների արագացման դերն, երբ քաղաքացին տնտեսական աճի մասին դատողություններ կկարողանա անել ոչ միայն ԱՎԾ կողմից պարբերաբար ներկայացվող վիճակագրական տվյալներից կամ թվերից, այլ սեփական մաշկի վրա զգալով աճի իրական հետևանքները: Այս իմաստով պետք է արձանագրել, որ Կառավարության որոշումներն իրենց խորքում կրում են նաև շատ կոնկրետ տրամաբանություն. Փաշինյանը հարստացնում է իր հետհեղափոխական քաղաքական կապիտալը, որի առաջնային բաղադրիչը հենց համաժողովրդական աջակցությունն է՝ հիմնված կոնկրետ արդյունքների վրա:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.