Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ինքնաթիռ է այրվել. կան զոհեր և վիրավորներ

Մոսկվայի խոշորագույն «Շերեմետևո» օդանավակայանում հրդեհ է բռնկվել «Աերոֆլոտ» ավիաընկերությանը պատկանող Sukhoi Superjet 100-95 ուղևորատար ինքնաթիռում, որը իրականացնում էր Մոսկվա-Մուրմանսկ չվերթը: Օդանավում գտնվել է 78 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 5 անդամները: Սկզբում հաղորդվում էր 1 զոհի և 4 վիրավորի մասին, սակայն քիչ առաջ ТАСС գործակալությունը, հղում անելով բժիշկներին, հաղորդել է 13 զոհի մասին: Ավելի ուշ Ռուսաստանի քննչական կոմիտեն հաստատել է 13 զոհի մասին տեղեկությունը՝ հայտնելով նաև, որ նրանց թվում կա երկու երեխա:

Sukhoi Superjet 100-95-ը «Շերեմետևո»-ից թռել էր տեղական ժամանակով 18:00-ին, մի քանի պտույտ է կատարել օդում, այնուհետև 18:40-ին արտակարգ վայրէջք է կատարել «Շերեմետևո»-ում: Վայրէջքի պահին ինքնաթիռի շարժիչները սկսել են այրվել և մեծ հրդեհ է բռնկվել: Այս պահի դրությամբ հրդեհը հաջողվել է մարել: Կրակն ամբողջությամբ այրել է օդանավի կեսը: 

ТАСС-ը, վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայությունում իր աղբյուրներին, հայտնում է, որ հրդեհի բռնկման հիմնական կանխավարկածը կայծակի տակ հայտնվելն է: 

«Շերեմետևո» օդանավակայանում ամբողջությամբ դադարեցվել են թռիչքներն ու վայրէջքները: 

Կատարվածի առթիվ Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ օդային տրանսպորտի շահագործման անվտանգության կանոնների խախտման հատկանիշներով:

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հանձնարարականով՝ կստղեծվի պետական հանձնաժողով միջադեպի հետաքննությամբ զբաղվելու նպատակով:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.