Բաքուն ըմբոստացել է. ովքե՞ր են կրակոցների իրական հասցեատերերը

Ադրբեջանում մայիսի 1-ից տեղի ունեցող ադրբեջանա-թուրքական «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2019» մարտավարական վարժանքներին զուգահեռ Բաքուն շարունակում է ատամներ ցույց տալ Հայաստանին՝ արհեստականորեն լարելով սահմանային իրավիճակն ու ոտնձգություններ թույլ տալով հայկական կողմի դեմ՝ դրսևորելով առանձնակի լկտիություն:

Ինչպես հայտնի է, Բաքուն երբեք ինքնանպատակ չի կրակում. նա դա անում է այն դեպքում, երբ ինչ-որ մեկին ինչ-որ բան է փորձում հասկացնել, և, ինչպես հաճախ է պատահում, Բաքվից եկող ազդանշաններն ուղղված են լինում ոչ թե Երևանին, այլ համանախագահ երկրներին:

Ի՞նչն է Ալիևին այս անգամ կատաղեցրել:

Բանն այն է, որ վերջին շրջանում էապես ակտիվացել են համանախագահ երկրների խաղաղարար ջանքերը. Լավրովի հետ երկու երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո, որի արդյունքում խոսք էր գնացել գերիների հնարավոր փոխանակության մասին, ԱՄՆ-ում բանակցությունները շարունակելու առաջարկությամբ էր հանդես եկել ամերիկյան կողմը, որի պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերի օգնական Ջորջ Քենթն, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների Վաշինգտոնում կայանալիք հնարավոր հանդիպման հարցին, ասել էր, թե ԱՄՆ լուրջ է վերաբերում խաղաղ կարգավորման իր պատասխանատվությանը:

Ալիևը տեսնում է, որ չկրակելով իր խնդիրը չի լուծվում, և այն հույսը, որ «խաղաղասիրական» դիրքորոշումը կօգնի Բաքվին՝ հասնելու իր ստոր նպատակներին, սին է: Եվ  ահա գիտակցելով, որ Հայաստանի նոր իշխանությունների նոր մարտավարությունը տալիս է իր դրական պտուղները, դրա արդյունքում Ադրբեջանը հայտնվում է ծուղակում՝ պարտադրվելով խաղաղորեն բանակցել, Ալիևը որոշում է կայացրել ռազմատենչ ուղերձ հղել համանախագահներին՝ իր ուղերձն ավելի ազդեցիկ դարձնելու համար ընտրելով բավական խոսուն ժամանակահատված. Մեդվեդևի երևանյան այցն ակնհայտորեն նյարդայնացրել է Բաքվին, որն իր հիասթափությունն է հայտնում խաղաղ գործընթացից՝ հասկացնելով՝ որ երկրի տարածքում էլ կայանան բանակցությունները, միևնույնն է, Բաքուն չի հրաժարվելու իր մաքսիմալիստական նպատակներից:

Մյուս կողմից հարց է ծագում՝ որքանո՞վ Հայաստանին կհաջողվի համակարգված գործողությունների  միջոցով հասնել  Բաքվի զսպմանն, ու Ալիևի զենքը շրջել հենց ադրբեջանցիների դեմ՝ պատռելով թշնամիների դիմակը: Հայաստանը պետք է ցույց տա աշխարհին, որ Երևանից եկող խաղաղության կոչերին Բաքուն այսպիսով պատասխանում է կրակոցներով, ինչն էլ փաստում է այն հայտնի ճշմարտությունը, որ Ադրբեջանն իրականում  հակամարդկային սկզբունքների վրա քաղաքականություն կառուցող արևելյան ծակուռ է, որին համակ ուժերով պետք է զրկել պատերազմ սանձզերծելու հնարավորությունից:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.