Դավիթ Սանասարյանը պատերազմ հայտարարեց հեղափոխությանը. քայքայիչ պառակտում

Ապրիլի 30-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Դավիթ Սանասարյանը հանդես է եկել մի շարք հայտարարություններով՝ իշխանություններին բառացիորեն մեղադրելով իր վրա «գործ կարելու» մեջ և վստահություն հայտնելով, որ իր հասցեին հնչող մեղադրանքները «հակահեղափոխական հենք ունեցող ապատեղեկատվություն են». Վանեցյանին խորհուրդ է տվել, առհասարակ, չխոսել, ակնհայտորեն «բոչկա է գլորել» Արսեն Թորոսյանի ուղղությամբ՝ հայտնելով այն սպառնալիքների մասին, որոնք ստացել է հեմոդիալիզի շուրջ ստուգումներ սկսելիս, ինչպես նաև խոստացել է կտրել սեփական ձեռքն այն դեպքում, եթե հրապարակվի կաշառք վերցնելը փաստող տեսանյութը: Սանասարյանը նաև համոզմունք է հայտնել, որ գործն ապագա չունի՝ հակառակ դեպքում սպառնալով նոր պայքարով. իրեն թիկունքից հարված հասցնելն այդքան հեշտ չէ:

Միաժամանակ Սանասարյանը հայտարարել է, որ շարունակում է ամենայն հարգանքով վերաբերվել Նիկոլ Փաշինյանին՝ կրկին անգամ հերքելով իր ու Սորոսի միջև կապը:

Դատելով ամենայնից՝ «խմորը դեռ շատ ջուր է քաշելու»: Սանասարյանը փաստացի շանտաժի է ենթարկում բոլորին՝ սպառնալով գործը չկասեցնելու պարագայում ապստամբության դրոշ բարձրացնել: Անշո՛ւշ, իր այս հայտարարության մեջ նա միայնակ չէ: Ավելին՝ Փաշինյանի հասցեին ակնհայտ շոյող հայտարարություն անելով՝ Սանասրյանը որպես այս ամենի առաջին պատասխանատու հայտարարում է հենց վարչապետին՝ նրան վերապահելով, այսպես ասած, արդար դատավորի դեր: Մյուս կողմից՝ հարվածի տակ է հայտնվում ոչ միայն Վանեցյանն, այլև մեկ այլ բաձրաստիճան դեմք՝ առողջապահության նախարար Թորոսյանն, ում հասցեին հնչած ոչ ուղղակի մեղադրանքները գալիս են ապացուցելու, որ Սանասարյանի թիրախում միայն Վանեցյանը չէ, որ գտնվում է՝ իշխանությունների համար դրանից բխող բոլոր ապակայունացնող հետևանքներով:

Սանասարյանի ասածը ընդամենը մեկ բան է՝ թքա՛ծ այն հեղափոխության վրա, որում ինքը մասնաբաժին չունի, և սա, թերևս, կարելի է ողջ սորսոսական թևի պաշտոնական դիրքորոշում համարել:

Միևնույն  ժամանակ Սանասարյանը Փաշինյանին առաջարկում է ելք՝ գործի անհապաղ կարճում: Բայց այս պարագայում էլ ակնահայտ է, որ Սանասարյանի այսօրինակ առաջարկը չի կարող ելք համարվել, քանի որ նոր Հայաստանում ամեն բան պետք է ընթանա ըստ օրենքով սահմաված կարգի, և այս կամ այն գործի արհեստական կարճման պրակտիկան կարող է նույնքան վտանգավոր լինել, որքան «գործ կարելը», որ անցյալում մնացած երևույթ է:

Աներկբա է, որ Սանասարյանի անդրդվելիության արդյունքում անդառնալի եկփեղկվածություն կարող է առաջ գալ հեղափոխական թիմի շարքերում, և սկսվի ինքնաքայքայիչ պայքար, որի արդյունքում կշահի բացառապես հակահեղափոխությունը, որը կարծես նոր թափ է հավաքում:

Մյուս կողմից՝ Սանասարյանի գործը կարող է պառակտել հենց հասարակությունն ու թուլացնել թավշյա հեղափոխության՝ որպես հայկական ֆենոմենի հիմքերը՝ սկիզբ դնելով  անդառնալի պրոցեսի:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.