«Արարատ ցեմենտ»-ը և «Հրազդան ցեմենտ»-ը կկանգնեն փակման վտանգի առաջ

Այսօր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը մամուլի ասուլիսի ընթացքում նշեց՝ Կառավարության կառուցվածքի փոփոխությանը վերաբերող ախագիծը չի համապատասխանում մեր օրենսդրությանը, Սահմանադրությանը։ Ըստ Արծվիկ Մինասյանի՝ նախարարությունները միացնելը ևս սխալ է։ «Այո՛, Կառավարության բացառիկ իրավունքն է ներկայացնել կառուցվածքի վերաբերյալ իր մոտեցումը, սակայն դա չի նշանակում, որ Կառավարության ներկայացրածը ճիշտ է։ Այժմ կա մի նախագիծ, որով հարվածներ են հասցվում Հայաստանի այն ոլորտներին, որտեղ մենք կարող էինք լինել մրցունակ»: Հայաստանում ցեմենտի արտադրությամբ զբաղվող «Արարատ ցեմենտ»-ը և «Հրազդան ցեմենտ»-ը փակման վտանգի առաջ են կանգնած։ Հարևան Իրանից ներկրվող ցեմենտի մեծ ծավալները հանգեցրել են նրան, որ նվազել են տեղական ցեմենտի իրացման ծավալները: Հիշեցնենք՝ երեկ է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում հավանության արժանացավ գործադիրի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը ներկրված ցեմենտի մաքսատուրքերը բարձրացնելու վերաբերյալ, բայց այստեղ էլ մեկ այլ խնդիր կա, պետտուրքից ազատվում է ցեմենտի պատրաստման համար օգտագործվող հիմնական հումքը՝ ներկրվող կլինկերը: Ըստ Արծվիկ Մինասյանի՝ ակնհայտ է՝ այստեղ խնդիր կա․ ցեմենտ արտատրող երկու հսկա գործարանները՝ «Հրազդան ցեմենտ»-ը, «Արարատ ցեմենտ»-ը կփակվեն, իսկ մարդիկ այլևս աշխատատեղեր չեն ունենա։ «Կառավարությանը կոչ եմ անում տեղական արտադրությանը սատարել, իսկ ԱԺ պատգամավորները, որոնք այս շղթան չեն ընկալում, փորձում են ներմուծմանը աջակցել․ թող հետ կանգնեն այս գաղափարից, որպեսզի մեր տեղական արտադրությունը զարգանա։ Ներմուծումը նվազեցնում է ՀՆԱ-ն․ դա տնտեսագիտական տարրական կանոն է», - ասաց Արծվիկ Մինասյանը։ Արծվիկ Մինասյանը խոսեց Կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին։ Նա նշեց՝ ՀՅԴ-ն դիտողությունները և առաջարկներ է ներկայացրել, որոնք տեղ են գտել նար e-drafr-ում, սակայն դրանք չկան կառավարության ներկայացրած ամփոփաթերթում։ «Մենք առաջարկներ էինք ներկայացրել «Իմ քայլը» դաշինքին, սակայն արձագանք չեղավ, ԱԺ-ում էլ նշում են, որ անդրադարձել են այս ծրագրի վերաբերյալ բոլոր դիտողություններին, սակայն նման բան չկա», - ընդգծեց Արծվիկ Մինասյանը՝ շեշտելով՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ ակտիվորեն աշխատում են Կառավարության կառուցվածքի վերաբերյալ հարցի հետ կապված։ «Իրավական հարցերի վերաբերյալ նրանց առաջարկը մեզ համար ընդունելի է, օրինակ՝ Մշակույթի նախարարության վերաբերյալ կիսում ենք նրանց առաջարկը, այն է՝ պետք է նախարարությունը մնա, բայց բովանդակությունը փոխվի, իսկ Սփյուռքի նախարարությունը, կարծում ենք, չպետք է լիկվիդացվի ու փակվի, մենք առաջարկում էինք նախարարությունն անվանել Սփյուռքի և հայրենադարձության նախարարություն, որը կարող էր կարևոր գերատեսչություն լինել՝ հայրենադարձության հետ կապված»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.