Փաշինյանը բացահայտեց մաքսատան միջադեպի իրական պատճառը

Ապրիլի 15-ին Ագրարային համալսարան կատարած այցից հետո՝ լրագրողներին տված ճեպազրույցի ընթացքում, վարչապետ Փաշինյանը խոսել է վերջին շրջանում բավական լայն արձագանք ստացած ու հակասական մեկնաբանությունների տեղիք տված մի դեպքի մասին. Նորագավիթի ավտոմաքսատուն այցի ժամանակ սենյակներից մեկում վարչապետը հրահանգել էր, որ այդ սենյակի բոլոր աշխատողները ազատման դիմում գրեն ՀՀ դրոշի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար:

«Ինչի՞ մասին է խոսքը: Այդ միջադեպի հետ կապված կարո՞ղ եք բացատրել, թե ինձ ինչում են մեղադրում և ես ինչի՞ եմ մեղավոր: Ասում են՝ այ Նիկոլը մեծամտացել է, մաքսայինին ասում է, որ վարչապետը մոտենում է, այդպես չեն դիմավորում վարչապետին: Եթե վարչապետի մոտենալն է այդպիսի արձագանք առաջացնում, հիմա շարքային քաղաքացու մոտենալը որևէ այդպիսի արձագանք կառաջացնի՞: Բա էդ մաքսային մարմիններից, որ այդքան բողոքում են, հարյուրավոր նամակներ ենք ստանում, բա ինչի՞ մասին է խոսքը: Օրինակ՝ պետական բազմաթիվ մարմիններ կան, որտեղ քաղաքացու մուտք գործելը որևէ ռեակցիա չի առաջացնում»,-լրագրողներին ասել է վարչապետը:

Միաժամանակ շարունակելով իր խոսքն ու պատասխանելով լրագրողների հարցերին՝ Փաշինյանը նաև  հայտաարել է, որ սկսել է տեղեկատվություն ստանալ, որ ամբողջ պետական համակարգը սկսել է զբաղվել դրոշների նկատմամբ իրենց պատշաճ վերաբերմունքը մշակելով:

«Ես կարող եմ ասել՝  իր նպատակին արդեն ծառայել է այդ միջադեպը: Ինչ վերաբերում է աշխատանքային իրավունքին, կարծում եմ՝ լավ մասնագետը Հայաստանում, իսկ այդտեղ լավ մասնագետներ պետք է աշխատեն՝ ենթադրում եմ, աշխատանքի խնդիր չպետք է ունենա: Անընդհատ ասում են՝ քաղաքացի, բայց նախքան քաղաքացի լինելը մեր սիրելի հայրենակիցը ուսադիրներով մարդ է, եթե ուսադիրներով մարդու՝ պետական դրոշի նկատմամբ վերաբերմունք ունենալու կուլտուրան բավարար մակարդակի չէ, ես մնում եմ իմ կարծիքին և հարգում եմ մնացածի կարծիքը»,-եզրափակել է Փաշինյանը:

Այսպիսով՝ Փաշինյանը հայտարարում է, որ իր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը ծառայել է նպատակին, որն էլ հանդիսանում է մեկ պարզ բան՝ ողջ պետական կառավարման համակարգի սթափեցումը, դրա աշխատանքի փիլիսոփայության վերանայումը (Փաշինյանի՝ դրոշի մասին ակնարկը հարկ է դիտարկել նաև այլաբանորեն):

Ավելին՝ Փաշինյանի ակնարկն այն  մասին, որ լավ մասնագետներն աշխատանք գտնելու հետ կապված չունեն խնդիր պետք է շատ ավելի լայն կոնտեքստի մեջ դիտարկել՝ նախևառաջ երկրում ընթացող օպտիմալացումների, և կոկրետ այդ պատասխանը համարել պատասխան՝ բոլոր նրանց, ովքեր պետական կառավարման համակարգում ծավալվող օպտիմալացումների հետևանքով առաջ եկող գործազրկության հարցը դիտարկում են շատ ավելի նեղ կոնտեքստում, գուցե՝ զգացմունքային (այլ հարց է, իհարկե,  տնտեսության ընդհանուր վիճակը և այն, թե որքանով այն պատրաստ կլինի նոր իրավիճակին):

Բայց Փաշինյանի գլխավոր ասելիքը մեկն է և այն հետևյալն է՝ պետական ապարատում աշխատող ցանկացած քաղաքացի պարտավոր է պետական մտածելակերպ դրսևորել առնվազն այն մակարդակում, որում հայտնվել է, և այն պետք է առաջին հերթին դրսևորվի շարքային քաղաքացիների նկատմամբ դրսևորվելիք պատշաճ վերաբերմունքով: Այո՛, ոչ բոլորին է վիճակված ոլորտների ճակատագրեր որոշել, սակայն ցանկացած պետական ծառայողի պարտքն է՝ ունենալու սթափ գիտակցում այն բանի, թե ինքը որտեղ  է, ինչ է անում և ինչ հետևաքների կարող է անձամբ բախվել, եթե  խուսափի անձնական պատասխանատվությունից անգամ այնտեղ, ուր թվում է՝ չկա նման պատասխանատվության չափավաժին:

Այսպիսով՝ Փաշինյանը փորձում է պետական կառավարման համակարգի աշխատանքը դնել բոլորովին այլ կենսափիլիսոփայության հենքի վրա, որի կենտրոնը քաղաքացին ու պետությունն են:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.