Լարված վիճակ՝ Զարթոնքում

Tert.am-ի հաղորդմամբ՝ Արմավիրի մարզի զարթոնք համայնքում այսօր առավոտից կրկին լարված վիճակ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց համայնքի բնակիչներից Կարեն Ղազարյանը:

«Վաղ առավոտից համայնքապետի կողմից հարձակումներ են եղել մեզ վրա, հարձակվել են բողոքող բնակիչների վրա, ծանր վնասվածքներ ենք ստացել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ երեկ Զարթոնք գյուղի բնակիչները փակել էին Արմավիր-Երևան միջպետական  ճանապարհը՝ պահանջելով համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանի հրաժարականը:

Կարեն Ղազարյանը տեղեկացրեց, որ բնակիչների վրա հարձակումներից հետո, զարթոնքցիները փակել են միջպետական երկաթուղին:

«Գյուղապետի թոռն անձամբ ինձ վրա է կրակել «վինչեսթր» հրացանով՝ ոստիկանների աչքի առաջ»,- ասաց նա:

Ճշտող հարցին՝ ոստիկանները քայլեր չե՞ն ձեռնարկել, նա պատասխանեց. «Ոստիկանների ասելով՝ համապատասխան կրակողին տարել են բաժին: Ես ոտքի վնասվածք եմ ստացել, հրազենային վնասվածք, ներկա պահին Մեծամորի հիվանդանոցում եմ»:

Նշենք, որ երեկ Tert.am-ի հետ զրույցում Կարեն Ղազարյանը ուշ երեկոյան տեղեկարցել էր, որ գտնվում են Ոստիկանության Մեծամորի բաժնում և ցուցմունք են տալիս: Հարցին՝ ի՞նչ եղավ դրանից հետո, նա ասաց, որ երեկվա բախումների հետ կապված բոլորը ցուցմունք են տվել, թե ինչպես է եղել այդ ամենը: «Ներկայացրել ենք քննչական մարմիններին, բայց այսօր միևնույնն է, եկել մարդկանց տան վրա են հարձակվել ու սկսել են ծեծել»,- ասաց նա և հավելեց. «Բնակիչներից Պողոսյան Վարդանի տան վրա են հարձակվել, ծեծել են այնպիսի մարդու, որ իրենց նման ուրացողների համար քառօրյա պատերազմի դաշտում է եղել, ամբողջ ժամանակ պատերազմի մեջ է եղել այդ մարդը, իսկ այսօր այդ մարդու ամբողջ դեմքն այլանդակել են»:

Նա նշեց, որ այս ամենն այն բանի արդյունք է, որ այսքան ժամանակ ոչ ոք ընթացք չի տվել իրենց բողոքներին: «Պետք է արագ գործել, օր օրի իրենք ագրեսիվ են դառնում մեր հանդեպ»,- նշեց Կարեն Ղազարյանը:

Դատախազությունից հայտնում են, որ դեպքի վայրում է Արմավիրի մարզի դատախազը, նախնական տվյալներով կան բերման ենթարկվածներ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.